News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով  ապրիլի 18-ի հերթական նիստն անցնում է բավական հանգիստ մթնոլորտում։ Պատճառը տուժող կողմի ներկայացուցիչների բացակայությունն է։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս անգամ դատարանի դահլիճում ներկա չեն վթարի հետեւանքով զոհված Էդգար եւ Էդվարդ Հակոբյանների հարզատները, որոնք նախորդ նիստերին բավական ագրեսիվ էին, միջամտում էին նիստը, վիրավորում Վարդան Պետրոսյանին ու նրա փաստաբանին։ Դատարանում ներկա են Վարդան Պետրոսյանի հարազատները։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ