News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն ապրիլի 17-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների կատարման վերաբերյալ նախագծին: Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ամիսներ առաջ տարբեր ձեւաչափերով, նաեւ հրապարակային կարգով ներկայացրել էր իր մտահոգություններն ու առաջարկությունները իրավասու մարմիններին:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որպես էական առաջընթաց քայլ՝ արձանագրում են, որ Կառավարության նախագծով սահմանվել է Արդարադատության խորհրդի նիստերի դռնբացության ընդհանուր կանոնը, ինչը կարող է որոշակիորեն բարձրացնել այս մարմնի գործունեության թափանցիկությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով: Այս սկզբունքային առաջարկը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար բարձրացվել է տարբեր հարթակներում եւ, ի վերջո, ներառվել է թե՛ Մարդու իրավունքների ազգային ծրագրում եւ թե՛ այս օրենքի նախագծում:

«Ողջունելի է, որ Արդարադատության նախարարության կողմից նախագծի վերջնական տեքստում փոփոխության են ենթարկվել մի շարք խնդրահարույց դրույթներ, դատավորների գործունեության գնահատման համակարգը  կիրառելի է դարձել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, որոնց վերաբերյալ  նախատեսված էր բացառություն նախագծի նախորդ տարբերակում:  Բարեփոխվել է դատավորների գործունեության գնահատման կարգը, դատական ակտերի կայունության ցուցանիշը հանվել է գնահատման չափանիշների ցանկից, բարելավվել է դատավորների կողմից գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը:

Այս բոլոր դրական փոփոխությունների հետ մեկտեղ Պաշտպանն ունի որոշակի մտահոգություններ դատավորների գործունեության գնահատման արդյունքները՝ որպես դատավորի լիազորությունների դադարեցման հիմք, կիրառելու գործնական վտանգների եւ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության առանձին հիմքերի կիրառման վերաբերյալ: Այս ուղղությամբ եւս Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Նախագծի հեղինակների հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ