News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը. Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած բազմաթիվ այցելությունների, երկրում ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

Հայաստան եւ Կամբոջա  (մաս I).  Լոուրենս Արաբացու պրիզմայով

«Մենք՝ կխմերներս, շատ ծույլ ենք, ահա ինչն է խնդիրը»: Սա վերջերս Կամբոջա իմ այցի ընթացքում լսած ամենատարածված արտահայտությունն էր: Երբ ես տաքսիստներին, ռեստորանատերերին, տեղի բնակիչներին եւ բուհերի դասախոսներին հարցնում էի Կամբոջայի ոչ վաղ անցյալի եւ տնտեսական ընթացիկ կլիմայի մասին, պատասխանից ի վերջո հետեւում էր այն, որ «կամբոջացիները պարզապես չեն սիրում աշխատել»: Երեւանում վայրէջք կատարող արտասահմանցիները հաճախ են նման գանգատ լսում (եւ ոչ միայն արտագաղթածների շրջանում): Իրականում չկա մի հանդիպում, որի ժամանակ այս կամ այն կերպ՝ կատակով կամ քողարկված քամահրանքով չասվի, թե «Հայաստանում ամեն օր 3 միլիոն թագավոր է արթնանում»:

1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում Թոմաս Էդվարդ Լոուրենսը  (առավել հայտնի որպես Լոուրենս Արաբացի) շատ տարօրինակ, բայց անկեղծ հարցազրույցում խորհել էր հնագույն փոքր ազգերի տեսության մասին: Նա ասել էր. «Հայերը չեն աշխատի… Ահա թե որն է այդ բոլոր հին ռասաների խնդիրը, որոնք քաղաքակիրթ են եղել, ուսումնասիրել են խաղը եւ, թեեւ մի ժամանակ աշխարհում գերիշխող են եղել ու կառավարել են այն, կորցրել են վերահսկողությունը, վերադարձել են հետ եւ, ինչպես ասում եք կամ ինչպես ես եմ ասում, շարունակել են առաջ գնալ: Նրանք առաջ են անցել տրամաբանորեն, հոգեբանորեն, ֆիզիոլոգիապես: Նրանց չի հետաքրքրում ծանր աշխատանքը: Անցյալի քաղաքակիրթ ազգերը ծույլ չեն: Նրանք պարզապես շատ խելացի են ուրիշների մոտ աշխատելու համար»:

Այս խոսքերի էությունն այն է, որ որոշ մարդիկ շատ զարգացած են ծանր աշխատանք կատարելու համար. նրանք ավելի շուտ կնստեն եւ կհավաքեն՝ ոչ մի արժեք չտեսնելով «աշխատավարձի համար աշխատելու մեջ»: Լոուրենսը գուցե ճիշտ է հույների պարագայում, որոնք, սերված լինելով քաղաքակրթության բնօրրաններից մեկում, այնքան էլ հակված չեն ծանր աշխատանք կատարել:

Կարելի է ասել, որ պետական ծախսերը սնում են հնարավորությունների տեր լինելու զգացումը, ինչի համար վճարում է տիկին Մերկելը:

Լուսանկարները՝ Արիանա Կաոիլիի անձնական արխիվից

Կխմերները ժամանակակից կամբոջացիների նախնիներն են, նրանք Հարավարեւելյան Ասիայում գերիշխող ուժ էին եւ զբաղեցնում էին Հնդկաչինի մեծ մասը: Կխմերների արքաները ճարտարապետական հրաշքներ են կառուցել, ինչի արտացոլումն են ամենուր ցրված տաճարները, հուշարձանները եւ մեծամասշտաբ ճարտարապետական հրաշալիքները, որոնք այսօր կարելի է տեսնել Կամբոջայում եւ հարեւան երկրներում:

Անգկորը՝ Կամբոջայի պատմական մայրաքաղաքը, աշխարհի ամենախոշոր քաղաքն էր, որը ժամանակակից Լոս Անջելեսի տարածքին համեմատելի մակերես ուներ:

Կամբոջայում մարդկային բնակավայրեր, ըստ թվագրության, հայտնվել են մի քանի հազար տարի առաջ, եւ «Արենի 1»-ում հնագիտական պեղումները վերհանում են Հին աշխարհի նմանատիպ պատմական հետքերը:

Այս երկու քաղաքակրթությունները, իհարկե, հպարտանալու տեղ ունեն: Կամբոջայի բնակիչները պարծենում են կխմերների մշակութային հարուստ ժառանգությամբ եւ նրանով, թե ինչպես են իրենց նախնիները հետք եւ մշակութային կոթողներ թողել նաեւ ամբողջ Հնդկաչինի տարածքում: Հայերը (հատկապես սփյուռքը) տարատեսակ գեղարվեստական, կրոնական եւ մշակութային հետքեր են թողել: Օրինակ, վերցնենք, Ղրիմը, որը հագեցած է հայկական առավել քան 600-ամյա բնակավայրերի հետքերով (նրանք գնացել են 1778թ.), ինչպես նաեւ Տրանսիլվանիայի հայերը, որոնք ուժեղ ֆիգուրներ էին առեւտրի եւ արհեստների բնագավառում:

19-րդ դարակեսին հայերը գերիշխող էին Թբիլիսիում եւ Բաքվում (առաջին հաջող նավթահորը կառուցվել է 1871թ., ազգությամբ հայ Միրզոեւի կողմից, իսկ ինչ վերաբերում է Թիֆլիսին, հայերն այնտեղի տնտեսական եւ քաղաքական կյանքի վերելքում էին եւ ամենախոշոր էթնիկ խումբն էին մինչեւ 1917-ի հեղափոխությունը: Հայերը հիմնականում կարեւոր ենթակառույցների եւ կառավարման վարչական ասպեկտների կապիտալ են տրամադրել, այդ թվում՝ տպագրական սարք, եւ այդ ամենը ժառանգել են վրացիները):

Կխմերների մոտ գոնե ինչ-որ բան պահպանվել է Անգկորի տաճարներից: Իսկ հայկական տաճարներն ու քաղաքներն ավերվել են: Իմ աչքով եմ տեսել վատ հորինված քարտեզներ ու գրքեր, որոնք հերքում են, որ Հայաստանը երբեւէ առաջին տեղում է եղել, իսկ հայկական այլ արարումների ճնշող մեծամասնությունն օտարների ձեռքում է: Բայց, ի տարբերություն Կամբոջայի, Հայաստանը պահպանել է մարդկային կապիտալը  (կարմիր կխմերները ոչնչացրել են Կամբոջայի ամբողջ մտավորականությանը՝ հետապնդելով բոլոր նրանց, ում ձեռքերին կնճիռներ չկային):

Սակայն խոշոր չափերի հասնող արտագաղթը Հայաստանին զրկում է ապագա ուղեղներից եւ տնտեսական բազայից: Եվ, ցավոք, ԱՄՆ-ում ու Ռուսաստանում հայկական սփյուռքից ստացած օգուտը չափազանց մեծ եկամտաբերություն ունի: Արտասահմանում աշխատած փողերը հայերը հիմնականում ուղարկում են հայրենիք: Խնդիրն այն է, որ դրամական փոխանցումները վաշխառուի մտածելակերպ են ձեւավորում, ինչը խզում է առաջացնում աշխատանք-աշխատավարձ պատճառահետեւանքային կապում (այլ խոսքով՝ սպանում է մոտիվացիան եւ այն փոխարինում դրսից ստացվող գումարներ ունենալու մտահոգությամբ՝ հայրենական արտադրության վրա կենտրոնանալու փոխարեն: Ժամանակի ընթացքում սա կոփում է դրսից եկած եկամտի հանդեպ կախվածությունը, ինչպես նաեւ նեխած ցանկությունը՝ լինել առավել սպասողական, քան բեղմնավոր):

Լոուրենսը դա այսպես է արտահայտել. «Հայերը… իրենք չեն աշխատի, նույնիսկ իրենց համար: Նրանք անգամ չեն զբաղվի աշխատանքների կազմակերպմամբ ու զարգացմամբ: Նրանք հողը կառավարման կհանձնեն»:

«Ծուլության» հարցը Հայաստանում բավական վիճելի է. ոչ ոք չի ցանկանում այդ մասին բացահայտ խոսել, բայց երբ այդ անում են, ապա քննարկում են խոհանոցի սեղանի շուրջ, որտեղ մշտապես մեղադրում են ղեկավարությանը կամ էլի ինչ-որ մեկին՝ բացի սեփական անձից: Իմ արտասահմանցի ընկերներից մեկին, ով շինարարական սեկտորում տնօրեն է աշխատում, սաստիկ զայրացնում են աշխատակազմի բոլոր մակարդակները՝ շինարարներից մինչեւ ղեկավարներ. Նրանք պարզապես չեն սիրում, երբ ասում ես՝ ինչ անեն կամ էլ ուրախությամբ, ի նշան համաձայնության, գլխով հավանություն կտան եւ հակառակը կանեն: Աշխարհում աշխատանքային էթիկան ուղղված է աշխատանքը լավ կատարելուն, իսկ Հայաստանում, թվում է, տարածված է այն մտայնությունը, թե ինչպես կարելի է աշխատանքը վարպետից լավ կատարել:

Լուսանկարները՝ Արիանա Կաոիլիի անձնական արխիվից

Երեւի պետք է անդրադառնալ այն հարցին, թե ինչ էներգիայով են հայերն աշխատում ու բարգավաճում արտասահմանում: Սակայն տնտեսական կայունության հասնելու համար գուցե ժամանակն է կենտրոնանալ ներքին փոխգործակցության վրա, այլ ոչ թե սպասել դրսից տրվող ողորմությանը: Բայց հայերն էությամբ գնչու են այն իմաստով, որ ավելի անկաշկանդ բարգավաճում են այլ հողում, ոչ թե բարելավում պայմաններն իրենց միջավայրում:

Երեւի արժե հոդվածն ամփոփել իմաստուն հռոմեացու, եթե չեմ սխալվում՝ Սենեկայի խոսքերով, ով ասել է. «Ոչ ոք իր քաղաքը չի սիրում այն բանի համար, որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն իրենն է»: Հակառակ պարագայում, այդ նույնն է, եթե սեփական կնոջդ սիրես միայն այնքան ժամանակ, քանի դեռ չի կորցրել արտաքին գրավչությունը:

(2-րդ մասը կհրապարակվի հաջորդ շաբաթ)

Արիանա Կաոիլի

Հոդվածի անգլերեն բնօրինակը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ