News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 21-ին Մինսկում կայացած հանդիպման ընթացքում եվրասիական ինտեգրացիային եւ դրանում Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր են քննարկել:

Լուկաշենկոն մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը չափազանց ակտիվ աշխատանքներ է տանում Մաքսային Միությանը եւ Համընդհանուր Տնտեսական Տարածքին ներգրավման ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների ուղղությամբ, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:

Նախագահը հայտարարել է, որ գոհ է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեմպերից: «Մենք հսկայական ապրանքաշրջանառություն չունենք: Ու երեւի` չենք էլ կարող հասնել դրան: Բայց հաշվի առնելով, որ զրոյական ցուցանիշ ենք ունեցել, այսօր արդեն կարող ենք մեծ առաջընթացի մասին խոսել: Ավելին` տեսնում եմ, թե ինչպես է Հայաստանը, հնարավորությունների սահմաններում, փորձում նաեւ բելառուսական ապրանքներ գնել: Մենք էլ գնում ենք այն, ինչ կա Հայաստանում եւ չի արտադրվում մեզ մոտ»,-ասել է երկրի ղեկավարը:

Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Հայաստանը ներկայացնող ներդրողների կողմից Բելառուսում տարվող ակտիվ աշխատանքների մասին, ընդգծելով, որ «Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ: Այն մեր ընկերն է, մեր գործընկերը, մի երկիր, որի հետ այսուհետ էլ սերտ հարաբերություններ են կառուցելու»:

Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նախագահ Լուկաշենկոյի նախորդ տարի կայացած այցը Հայաստան մեծ խթան է դարձել երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման համար: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են ամենատարբեր մակարդակներում` ընդհուպ մինչեւ միջռեգիոնալ, մեկ անգամ եւս հավաստելով առեւտրի, տնտեսության եւ այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման մտադրությունները:

Անդրադառնալով եվրասիական ինտեգրացիայի թեմային, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Բելառուսում, իսկ այնուհետ Ղազախստանում կազմակերպվելիք գագաթաժողովներին ընդառաջ լավ հնարավորություն է ստեղծվել Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը քննարկելու համար: «Ողջ ճանապարհային քարտեզը գործնականում արդեն իրականացվել է, ինչի մասին համապատասխան հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, կզեկուցի Մինսկում կայանալիք առաջիկա գագաթաժողովի ընթացքում»,-հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ