News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան  պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ընդունի հայերի պահանջները. սա է Թուրքիայի ժողովրդավարացման ուղին, ապրիլի 22-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիսի (ABDEM) նախագահ, ազգությամբ քուրդ Ռոջա Յըլդըրըմը:

Ըստ նրա՝ իրենք Հայաստանում են հայ ժողովրդին սատարելու համար: «Մենք կմասնակցենք Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, մենք այստեղ ենք հանուն խաղաղության եւ ցանկանում ենք, որ տվյալ հարցը լուծվի արդար ճանապարհով: Մեզ համար կարեւոր է բոլոր ճնշված ժողովուրդների ճակատագիրը, ուստի ցանկանում ենք, որ Ցեղասպանության մասին խոսվի ամենուր եւ այն ամենուր ճանաչվի», - նշել է Յըլդըրըմը եւ հավելել, որ թուրքական պետությունը պետք է հաշտվի իր պատմության հետ, առանց դրա Թուրքիան չի կարող ժողովրդավարական համարվել:

Ռոջա Յըլդըրըմը նաեւ նշել է, որ Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիսը (ABDEM) հիմնվել է Եվրոպայում եւ Թուրքիայի կառավարության հետ կապ չունի:

Մամուլի ասուլիսին ներկա են եղել նաեւ կազմակերպության այլ անդամներ՝ Ալիեկբաֆ Փեքթաշը (թուրք, ալեւի), Յուքսել Քոչը (քուրդ), Մերջան Արաբաջը, Ֆադիլե Ռոջանը եւ Սայաթ Թեքիրը, Շաֆա Քարաբաջը:

Ապրիլի 24-ին նրանք հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում:

ABDEM-ը, դեմ լինելով ժխտման քաղաքականությանը, իր պահանջը կներկայացնի Թուրքիայի կառավարությանը, այն է՝ ճանաչել  1915թ. Հայոց ցեղասպանությունը եւ դրա հետեւանքների պատասխանատվությունը կրել: Կազմակերպությունը գործում է Գերմանիայում, սակայն եվրոպական շատ երկրներում ունի մասնաճյուղեր:

ABDEM-ը միլիոնից ավելի անդամ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ