News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խորհրդարանական հինգ ուժերը ողջունել են «Կուտակային կենսաթոշակների մասին»  օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ կառավարությունում Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած քննարկումը, նման քննարկումները կդառնան քաղաքական ոճ, եւ կձեւավորվի քաղաքական ավանդույթ: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Ողջունելի համարվեց այն, որ վարչապետը սկսում է հանրային կյանքի ամենավիճահարույց, ամենախնդրահարույց հարցի շուրջ քաղաքական հանդիպումներով, կամ քաղաքական կոնսուլտացիաներով: Առաջին կարեւոր հանգամանքը, որի համար ես եկա, այն է, որ այս խնդիրը իրոք վիճահարույց է: Եւ, ամենակարեւորը, բանաձեւվեց, որ ցանկացած նման արմատական բարեփոխում պահանջում է վստահության մթոլորտ՝ թե քաղաքական ուժերի միջեւ, թե հանրության մոտ»,- ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ հանդիպման բոլոր մասնակիցները «ընդառաջ գնալու անթաքույց ձգտում են ցույց տվել»։

«Ակնհայտ է որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումներ իրականացնելը անխուսափելի է, խոսքը գնում է, թե ինչ մոդել պետք է ընտրել եւ ինչպիսի քայլերով: Սահմանադրական դատարանի որոշումը ուժ ունի, եւ այն քայլ առ քայլ պետք է իրականացվի: Հիմնական գաղափարը, որ մենք եկանք՝ փոքր քայլերով գնալ առաջ, եւ որպես առաջին նախաձեռնություն վստահության վերականգման կամ ձեւավորման ուղղությամբ, այն է, որ վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը կմտնի Ազգային ժողով եւ այդ տույժ ու տուգանքների գանձումը օրենքով կարգելվի»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Նշենք, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի հարցի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին, քննարկում էր հրավիրել կառավարությունում, որին մասնակցում էին խորհրդարանական հինգ ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը: ՀԱԿ թեւ նույնպես հրավիրված էր, բայց չի մասնակցել հանդիպմանը։

Հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը խորհրդարանական ուժերն ու Հովիկ Աբրահամյանը ներկայացրել են իրենց տեսակետները պարտադիր բաղադրիչի վերաբերյալ: Երկու օրից պատրաստ կլինի ապրիլի 28-ին Ազգային ժողով ներկայացվելիք կառավարության նախագիծը, որով առաջարկվելու է 5% պարտադիր կենսաթոշակային հատկացումները չանելու դեպքում գործատուին տույժերից ազատելու մոդել մինչեւ ՍԴ-ի սահմանած ժամկետում վիճահարույց օրենքի նոր տարբերակի մշակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ