News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սեւանա լճից եւ ոչ մի կաթիլ ջուր չի գնում Ադրբեջան։ Այս մասին  այսօր, ապրիլի 23-ին ՀՀ Ազգային Ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նաեւ կոչ արեց գիտնականներին այս հարցում ցուցաբերել գիտական, այլ ոչ հուզական մոտեցում։

Այսպես նախագահը արձագանքեց ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթին, որի ընթացքում նա քննադատեց կառավարության մոտեցումը Սեւանա լճի խնդրին, հայտարարելով, որ մենք ճիշտ չենք գնահատում Սեւանը, «կանցնի մի քանի տարի եւ քաղցրահամ ջուրը ավելի թանկ կլինի, քան նավթը»։

Ըստ հայ գիտնականի, մոտ ապագայում կլինեն լուրջ կոնֆլիկտներ եւ պատերազմներ քաղցրահամ ջրի համար, եւ ըստ այդմ Սեւանը ոչ միայն բնապահպանական այլեւ քաղաքական եւ ռազմավարական օբյեկտ է. «Մեր ժողովուդը կվերանա այստեղից, եթե ջուր չլինի, իսկ պատգամավորները, կարճ ժամանակային հարցերը լուծելու համար հեշտությամբ որոշում են կայացնում Սեւանի ջրի ավելցուկի բաց թողնման վերաբերյալ»։ Ակադեմիկոսը նշեց, որ անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել ոռոգման համակարգը, եւ վերջապես լուծել այն խնդիրը, որ Հայաստանից ջուրը գնում է դեպի Ադրբեջան։ Նրա գնահատականով, երբ բաց են թողնվում Սեւանի ջրերը, միայն 20-30 տոկոսն է գնում մեր հողերի ոռոգմանը, մնացած ջուրը գնում է Նախիջեւան։ Գիտնականը կոչ արեց ջուր բաց թողնելու փոխարեն լուրջ ուշադրություն դարձնել այս խնդրին, եւ այն լուծել երկրի գիտական ներուժի ներգրավմամբ։

Ի պատասխան Սերժ Սարգսյանը հորդորեց Սեւանի մասին «ասել մասնագիտական խոսք, այլ ոչ թէ հուզական»։ «Եվ Սեւանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում», - ասաց նա, եւ հիշեցրեց, որ Սեւանի մասին ԱԺ-ն ընդունել է օրենք, եւ այդ հիմնավորումները կատարել է հենց Գիտությունների ազգային Ակադեմիան։ «Եվ եթե բնակլիմայական պայմաններ են առաջացել, ի՞նչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտը չորանա, բերք չունենանք, որպեսզի ջուր չվերցնենք այն ավելցուկից, որ կուտակել ենք», - հարցրեց նախագահը, հավելելով, որ իհարկե ամեն ինչը պետք է օգտագործել խնայողաբար, մտածելով սերունդների մասին։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, ապրիլի 23-ին  մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2013թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ