News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը պատահական չէ եւ պետք է դիտարկել հայ-թուրքական վերսկսվող հարաբերությունների համատեքստում։ Այս մասին  այսօր՝ ապրիլի 24-ին, Սարյանի պուրակից Ծիծեռնակաբերդ «Հայ ազգային կոնգրեսի» սգո երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Ակնհայտ է, որ տեղի են ունեցել հայ-թուրքական դիվանագիտական շփումներ, որոնց հետեւանքով երկու կողմերը պարտավորվել են նման ռեւերանսներ անել միմյանց նկատմամբ։ Ես կարծում եմ, որ նորից սկսվել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները»,- ասաց Զուրաբյանը։

Զուրաբյանի կարծիքով՝ նոր գործընթացի նախաձեռնող եւ հիմնական միջնորդը ԱՄՆ-ն է։

Անդրադառնալով Թուրիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ի ուղերձին՝ ՀԱԿ անդամը նշեց, որ Թուրքիան կարողանում է նման հայտարարություններով մեղմել միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելու ճնշումները։

«Ոչ ոք թող միամիտ չլինի եւ կարծի, որ դրանք պատահական հայտարարություններ են։ Ոչ միայն Էրդողանը ցավակցություն հայտնեց, այլեւ Սերժ Սարգսյանը պատասխանեց եւ շնորհակալութուն հայտնեց ցավակցության համար»,- ասաց Զուրաբյանը։

Նրա կարծիքով՝ որեւէ հիմք չկա կարծելու, որ հերթական փորձը կստացվի եւ հայ-թուրքական սահմանները կբացվեն։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի սպասումներին՝ Զուրաբյանն ասաց, որ չի ուզում կանխագուշակել, սակայն կարծում է, որ ԱՄՆ նախագահը չի  օգտագործի Ցեղասպանություն բառը, քանի որ Թուրքիան այսօր առավել քան երբեւէ ԱՄՆ անվտանգության համար կարեւոր ռազմավարական դաշնակից է։

Այս պահին ՀԱԿ սգո երթի մասնակիցները Կիեւյան փողոցում են։ Լեւոն Տեր-Պետրոսյանը երթի մասնակիցների թվում չէ, բայց նրանց կարող է միանալ Ծիծեռնակաբերդի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ