News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում այս գիշեր 85 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից եւ եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:

1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար եւ ակարդիոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական օրկեստրի հետ, համերգներով հանդես է եկել Երեւանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաեւ ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»:

1952թ. ընդունվել է Երեւանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը:

36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» եւ այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

1992թ. մեկնել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ