News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինձ համար զարմանալի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայերի եւ այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այսօրվա առաջնորդը պարզապես ցավ է հայտնում «1915թ. իրադարձությունների համար» ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Այս մասին հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայ Դեմոյանը՝ Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր պատասխանում:

Դեմոյանը, մասնավորապես, նշել է.

«Պետք է խոստովանեմ, որ սա կարեւոր քայլ է, բայց, ցավոք, այն ուղղված չէ ճշմարտության բացահայտմանը, պատմության հետ առերեսմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համերաշխության հաստատմանը:

Ցավոք, Ձեր հայտարարությունը պարունակում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող տարրեր, որն իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Թույլ տվեք նշել, որ այսօր շատ թուրքեր արդեն չեն հավատում Ձեր իսկ նշած «1915թ. իրադարձություններին» ինչպես Դուք այն անվանում եք: Դատելով թուրք այցելուների՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տպավորությունների մատյանում թողած գրառումներից, նրանք բոլորն էլ ցանկանում են իմանալ ողջ ճշմարտությունը, որը խեղաթյուրվել եւ թաքցվել է իրենցից Թուրքիայի պատմության ընթացքում:

Կա մի պարզ եւ հզոր արտահայտություն՝ «ճշմարտությունն ազատություն է տալիս»: Սակայն հանդես գալով նման արտահայտությամբ` Դուք փորձում եք ապակողմնորոշել թուրք երիտասարդությանը: Թույլ տվեք հիշեցնել Ձեզ, որ Ձեր հայտարարությունը հրապարակվեց Թուրքիայում Twitter կայքի արգելափակումից մի քանի օր հետո, ինչը ոտնահարում է թուրք երիտասարդության խոսքի ազատության հիմնարար իրավունքը:

Ձեր հայտարարության մեջ Դուք օգտագործում եք «ժողովրդավարություն», «խաղաղություն», «օրենքի գերակայություն», «հանդուրժողականություն» եւ համընդհանուր այլ արժեք ներկայացնող հասկացություններ»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ