News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, ՀՀ Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Նարեկ Սարգսյանը Քաղաքաշինության նախարար նշանակվելու առաջարկը ստացել է հանրապետության վարչապետից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Սարգսյանը:

«Ես հասկանում եմ, որ նոր կառավարություն ձեւավորելու մեջ խնդիր է դրված բերել ոլորտի պրոֆեսիոնալ, փորձառություն ունեցող մարդկանց, ոչ քաղաքական անձանց: Իմ գործունեության ամբողջ ընթացքում ես միշտ եղել եմ այս բնագավառի մեջ՝  սկսած ճարտարապետական կրթությունից, գիտությունից,  վերջացրած քաղաքապետարանում, կառավարությունում աշխատանքից,  եղել եմ  վարչապետի խորհրդական,Երեւանի գլխավոր ճարտարապետ, աշխատել եմ նաեւ  քաղաքաշինության նախարարությունում, այսինքն՝ այս ասպարեզում որեւէ ոլորտ չկա, որտեղով իմ ճանապարհը անցած չլինի»,-նշեց նախարարը:

Նարեկ Սարգսյանը շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել, որեւէ կուսակցության անդամ չէ եւ այդպես էլ կմնա: Հարցին, թե նախարարի պաշտոնի դիմաց իր առջեւ ՀՀԿ անդամ դառնալու խնդիր չի դրվել, նա պատասխանեց հետեւյալը. « Նման հարց որեւէ մեկը իմ առաջ չի դրել:  Կարծում եմ՝ որպես քաղաքական գործիչ՝ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, ես զբաղվել եմ ճարտարապետաշինության եւ քաղաքաշինության հարցերով, ոլորտին տիրապետում եմ կարելի ասել ամբողջապես  եւ դրանով էլ կզբաղվեմ»:

Ինչ վերաբերում է քաղաքաշինության նախկին նախարարներին, Նարեկ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ վերջին 15 տարիներին քաղաքաշինության նախարարությունը մասնագետներ չեն ղեկավարել, ղեկավարել են կառավարման փորձ ունեցող անձինք, ովքեր այդքան էլ ոլորտին մոտ չեն եղել իրենց մասնագիտությամբ: «Նոր կառավարությունը խնդիր է դրել, որ  յուրաքանչյուրը իր բնագավառում ռեալ իրավիճակ պետք է փոխի: Այդ առումով պատասխանատվությունը կտրուկ մեծանում է: Ես նախկին բոլոր նախարարներին ճանաչել եմ, լավ աշխատել եմ նրանց հետ, ունեցել եմ անձնական լավ հարաբերություններ, նրանք սովորաբար եկել են կուսակցական ճանապարհով, կարող եմ նշել նրանց կառավարման հմտությունները, բոլորն էլ ճանապարհ անցած մարդիկ են, բայց ժամանակն է, որ բացի կառավարման փորձից,  լինի նաեւ նեղ մասնագիտական փորձառություն, քանի որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան քաղաքաշինության ոլորտում եւ կարճ ժամկետում անպայման որոշակի ծրագրեր ու քայլեր կարվեն»,- ասաց նորանշանակ նախարարը:

Նա չի պատրաստվում կադրային փոփոխություններ անել, այդ կոլեկտիվի հետ աշխատել է, ճանաչում է մասնագետներին եւ եթե որեւէ փոփոխություն  անի, ապա դա ինքնանպատակ չի լինելու: Նարեկ Սարգսյանը շեշտեց, որ շինարարական խնդիրների հետ կապված ասպարեզում պետք է լինեն վստահելի, ազնիվ եւ որեւէ այլ ախորժակ չունեցող մարդիկ:

Անդրադառնալով իր նշանակման վերաբերյալ քննադատություններին եւ բացասական մեկնաբանություններին՝ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը նշեց, որ չի ցանկանա ասել այն, ինչ իրեն ասում են, խոսքը բազմաթիվ շնորհավորանքների եւ բնագավառի մարդկանց ոգեւորության մասին է: Իսկ քննադատություններին նա նորմալ է վերաբերում, եթե դրանք չեն անցնում վիրավորանքի սահմանը: «Խոսում են այն մարդու մասին, ով ինչ-որ գործ է անում, դա շատ նորմալ է, կարելի է նստել, ոչինչ չանել եւ քեզ չեն հիշի,ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում: Ես գտնում եմ, որ կա երկիր, ազգություն, կա հող, կա պարտավորություն, կան գիտելիքներ, կա անցած ճանապարհ եւ կա որոշակի կամք եւ կարողություն, այդ պարագայում դու իրավունք չունես քայլ չանել, ծրագիր չառաջարկել, չփորձել ինչ-որ բան փոխել՝ անկախ նրանից՝ ով ինչ վերաբերմունք կունենա, հնարավոր չէ մի քայլ անել ու չլինի հակաուժ, հակաքայլ: Շատ դեպքերում դա պայմանավորված է  ճղճիմ անձնական հարաբերություններով, որին ես չեմ պատասխանել եւ չեմ էլ պատասխանելու, պարզապես չեմ իջնում մարկանց հետ հարաբերություններ պարզելու հարթություն»,- նշեց նախարարը:

Նոր պաշտոնում Նարեկ Սարգսյանը խոստացավ լինել հրապարակային, միշտ հնչեցնել իր սկզբունքները, առաջարկությունները, ցանկացած ծրագրի շուրջ ներկայացնել լուրջ հիմնավորումներ: Նա շեշտեց, որ իրեն քննադատողները շատ դեպքերում խուսափել են մասնագիտական դաշտում քննարկումներից եւ փորձել են հանրության մեջ ոչ ճիշտ ինֆորմացիա տարածել, անվստահություն սերմանել:  «Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է աշխատի իր պրոֆեսիոնալ սկզբունքներին չդավաճանել, համոզված լինի իր գաղափարների մեջ եւ դրանք պաշտպանի,ես այդպես էլ անելու եմ: Ես վստահ եմ, որ մեր նախագահի եւ վարչապետի ցանկությունները իրավիճակը փոխելու եւ կոնկրետ արդյունքներ ցույց տալու մեր ոլորտում իրականցնելու եմ»,- ամփոփեց նա:

Ինգա Մարտինյան

Տպել
Ամենաշատ