News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 26-ից հունիսի 2-ը կցուցադրվի իտալացի հանրահայտ արվեստագետ  Բրունո Բրունիի հետահայաց ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ):

Այն կազմակերպվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս մասին ապրիլի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Անտիկյան» ցուցահանդեսի կազմակերպիչ  Արմինե Անտիկյանը, որը նույնպես աջակցում է անցկացման հարցում:

Անտիկյանի խոսքով՝ ցուցահանդեսին կներկայացվեն Բրունո Բրունիի հարյուրի մոտ աշխատանքներ, այդ թվում՝ քանդակներ. «Կցուցադրվեն նրա կեսդարյա ստեղծագործության բոլոր փուլերը: Հունիսի 2-ին՝ փակման օրը, նաեւ Բրունո Բրունիի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա»:

Ցուցահանդեսի կազմակերպման գործի առյուծի բաժինը իր վրա  է վերցրել իտալական «Ռենկո» շինընկերությունը: «Ռենկո» ընկերության նախագահ Ջովանի Գասպարինին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, երկրի իշխանություններին, ինչպես նաեւ Երեւանում Իտալիայի դեսպանատանը: «Շատ քիչ տեղեր կան, որտեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը, եւ դրանցից մեկը Հայաստանն է: «Ռենկո» ընկերությունը ներկայացված է մի շարք երկրներում, բայց միայն Հայաստանում ենք մենք միջմշակութային միջոցառումներ կազմակերպում», - հայտարարել է Գասպարինին՝ նշելով, որ այս ցուցահանդեսը իրենց նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվող առաջին մշակութային միջոցառումը չէ:

Ընկերությունը նաեւ աջակցել է Հայաստանում Ռոսինիի փառատոնի անցկացմանը, իսկ իտալական Պեզարո քաղաքում հայկական մշակույթի մի մանիկ էր ներկայացվել: «Իզուր չէ, որ մենք որոշեցինք Հայաստանի հետ համագործակցել մշակույթի ոլորտում: Հայաստանում մշակույթը բարձր մակարդակի է, Եվրոպայի շատ երկրներ ուղղակի կարող են նախանձել ձեր երկրի ինքնատիպ մշակույթին: Հայերը հպարտանալու տեղ ունեն, եւ հենց այս պատճառով «Ռենկո» ընկերությանը հաջողվում է մշակութային միջոցառումներ կազմակերպել: Մեր մշակույթները մոտ են, եւ սա համագործակցության գլխավոր պայմանն է: Ժամանակի ընթացքում մենք ավելի ու ավելի ենք ճանաչում հայկական մշակույթը: Վաղվա ցուցահանդեսը Հայաստանի հանդեպ մեր սիրո եւ երախտիքի եւս մեկ ապացույց է»:

Ներկայացնելով Բրունո Բրունիին՝ Գասպարինին նշել է, որ Բրունին Հայաստանում ներկայացնում է Իտալիան. «Այս մարդը պարզապես «խելագար» է՝ այդ բառի դրական իմաստով, Պեզարոյի խոսվածքով դա նշանակում է մարդ, որը դրականորեն տարբերվում է մնացածներից արվեստում իր ստեղծագործ մոտեցումներով»:

Բրունո Բրունին ինքը չի առարկել ասվածին՝ նշելով, որ իր աշխատանքները դյուրընկալելի են. «Երբ նայում ես դրանց, հեշտությամբ հասկանում ես: Շատերը փորձում են մոռանալ իտալական արվեստի կարեւորագույն՝ Վերածննդի շրջանը, բայց, այնուամենայնիվ, ես շարունակում եմ սովորել իտալացի հին վարպետներից»:

Հայկական արվեստի վերաբերյալ Բրունին նշել է, որ հայ նկարիչների աշխատանքները կրեատիվ են. «Ես, ինչպես եւ շատ հայեր, երկրիս սահմաններից դուրս եմ բնակվում: Թեեւ իմ աշխատանքները ինքնատիպ են, դրանք երբեք հատուկ էպիտետների չեն արժանացել: Հայ եւ իտալացի արվեստագետները նման են նրանով, որ երկու ժողովուրդներն էլ քրիստոնեություն են դավանում, բացի այդ՝ նման են հոգեկերտվածքով, այդ պատճառով մեր արվեստում շատ նմանություններ կան»:

Բրունին ափսոսանքով է նշել, որ վատ գիտի Հայաստանը, սակայն խոստացել է մեր երկրում մնալու ընթացքում  փորձել առավել մոտիկից ծանոթանալ Հայաստանին ու հայերին. «Ամեն դեպքում, Հայաստանում  մինչ այսօր տեսածս ինձ դուր է եկել»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ