News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միջոցառումները, ինչպես օրինակ «Ոչխարների խուզում 2014» փառատոնը Հայաստանի Սյունիքի մարզում, շատ լավ հնարավորություն են երկրի համայնքների զարգացման համար: Այդ մասին մայիսի 3-ին Հալիձոր համայնքում փառատոնի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հյուպատոս, ինչպես նաեւ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթը, ով փառատոնի գլխավոր նախաձեռնողն է:

Նրա խոսքով՝ փառատոնի անցկացման գաղափարի համար նրան 5 րոպե էր հարկավոր, սակայն միջոցառման ծրագրման գործընթացն ամիսներ է տեւում: «Փառատոնները լավագույն միջոցն են ցույց տալու համար, որ համայնքը կարող է նման միջոցառումներ կազմակերպել, որ ասելիք ունի ինչպես սեփական ժողովրդին, այնպես էլ ողջ աշխարհին»,- նշել է Սթրեյթը: Հյուպատոսը Հայաստանում 14 հիանալի տարի է անցկացրել, եւ այդ ժամանակահատվածը կարեւոր նշանակություն ունի իր կյանքում: «Իհարկե, խնդիրներ կան, սակայն ես այստեղ մեծ հեռանկար եմ տեսնում»,- ընդգծել է Թիմոթի Սթրեյթը:

Ամենից բացի դիվանագետը նշել է, որ Տաթեւի վանական համալիրն ավելին է, քան պարզապես վանք կամ ճոպանուղի: «Մարդիկ այստեղ իրենց ձեռքերով հիասքանչ իրեր են ստեղծում: Կան շատ հին գյուղեր, ինչպես Բարձրավանն ու Հալիձորը, որոնց մասին շատերը չգիտեն: Այստեղ անսպառ հնարավորություններ ու մեծ հեռանկար կա: Ընդամենը հարկավոր է համակարգել ու մեծ ծավալով աշխատանք իրականացնել»,- ընդգծել է դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Նորվեգիայի նմանություններին եւ տարբերություններին՝ նա նշել է, որ չնայած Նորվեգիան հայտնի է իր լեռներով ու ճերմակ ձյունոց, մարդիկ պետք է տեսնեն Հայաստանի լեռները եւ տեղի բնությունը:

Հատկանշական է, որ Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդայի հյուպատոս Թիմոթի Սթրեյթը հատուկ փառատոնի համար ոչխարի պատկերով փողկապ էր պատվիրել:

Հիշեցնենք, որ «Տաթեւի վերածնունդ», «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամները մայիսի 3-ին «ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանում կազմակերպել էին Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում առաջին «Ոչխաների խուզում 2014» փառատոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ