News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսվում է կրթական բնույթի համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ, քանի որ ակնհայտ է, որ ընդհանուր տնտեսական շուկան նաեւ աշխատանքի ընդհանուր շուկա է ենթադրում, ինչն, իր հերթին, ընդհանուր կրթական տարածքի ստեղծման է բերում: Մայիսի 14-ին «Հայաստանում անցկացվող բարեփոխումների առթիվ ԵՄ հաղորդակցային աջակցություն» նախագծի կրթական ծրագրի թեմայով ազգային համաժողովի ընթացքում ելույթից հետո լրագրողների հետ զրույցին այս մասին հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով, որ Մաքսային միությունում ներկայումս առանձին եւ միատարր կրթական համակարգ չի գործում:

Այդ տեսանկյունից, նախարարի խոսքով, անհրաժեշտ է ընդգծել, որ թե Ռուսաստանը, թե Ղազախստանը եւ թե Հայաստանը եվրոպական կրթական տարածքում ներկայություն են ապահովել, իսկ Բելառուսը այդ նպատակով մի քանի փորձեր է արել: «Մենք շատ ճիշտ ենք ընտրել բարեփոխումների ուղղությունը եւ արդեն իրականացնում ենք դրանք. այլ բան է, որ տարբեր պատճառներով դրանց խորությունն ու տեմպերը չեն բավարարում մեզ: Թե ընդհանուր, եւ թե բարձրագույն կրթության ոլորտներում նախկինում գործող համակարգերին վերադառնալու մասին խոսք անգամ չի կարող լինել: Հայաստանը չի կարող մեկուսացվել աշխարհից, եվրոպական կրթական տարածքից. դա մեր երիտասարդ սերնդի շահերից է բխում», -  նշել է Աշոտյանը:

Անրադառնալով Եվրասիական միության շրջանակում համագործակցության կոնկրետ ոլորտներին, նախարարը նշել է, որ առաջնային փուլում աշխատանքները անդամ երկրների կողմից փաստաթղթերի` ատեստատների, դիպլոմների, այլ կրթական սերտիֆիկատների, փոխարդարձ ճանաչման ընթացակարգի պարզեցմանն ուղղված կլինեն: «Հաշվի առնելով, որ մեծ ծավալի եվրոպական փորձ ենք կուտակել, մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել Եվրասիական միության այլ անդամ-երկրների համար, իսկ այդ ոլորտում ձեռք բերված եվրոպական կապիտալը աշխարհում լավագույններից մեկն է», - ամփոփել է Արմեն Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ