News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հասկանալի պատճառներով ֆուտբոլային կյանք գրեթե չկա, քանի որ հարեւան Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով ՈՒԵՖԱ-ն արգելել է արցախյան թիմերին հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ «Լեռնային Արցախ» անվանումը կրող թիմը, որում խաղում էին նաեւ արցախցի ֆուտբոլիստներ, ներկայացնում էր Կապանը:

ԼՂՀ-ն ներկայացնող միայն երկու պատանեկան թիմեր մասնակցում են Հայաստանի առաջնություններին: Արցախում վերջին տարիներին կառուցվել են մի շարք ֆուտբոլային խաղադաշտեր, որոնք նպաստում են պատանեկան եւ սիրողական ֆուտբոլի զարգացմանը:

Ամեն տարի Ֆուտբոլի միջազգային սիրողական լիգան (IAFA) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնում է սիրողական ֆուտբոլի մրցաշար Արցախի մարզերի թիմերի միջեւ: Բացի դրանից երկու անգամ արդեն խաղարկվում է IAFA-ի անկախության գավաթը: Երկու տարի առաջ IAFA-ի հիմնադիր, գործարար Արմեն Բարխուդարյանի հրավերով Արցախ էր ժամանել 1990-ականների լավագույն ռմբարկու  Սալվատորե Սկիլաչին:

Մայիսի 31-ին Արցախի Հադրութ քաղաքում տեղի ունեցավ  IAFA-ի գավաթի  խաղարկությունը, որն այս անգամ կրում էր «Դիզակ» անվանումը, որին մասնակցում էին թիմեր Արցախից՝ Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, Մարտակերտ, Բերձոր, Հադրութ, Խաչեն, Ասկերան բնակավայրերից, ինչպես նաեւ երկու թիմ Մոսկվայից՝ Արմեն Բարուդարյանի «Դիզակ» թիմը եւ ռուս լրագրողների НТВ թիմը, որի կազմի մեջ ընդգրկված էին НТВ Плюс-ի մեկնաբաններ Նոբել Առուստամյանը, Միխայիլ Մոսակովսկին եւ Ֆիլիպ Կուդրյավցեւը, Eurosport ալիքի մեկնաբան Իգոր Կատիմանովը, Радио спорт-ի մեկնաբան Ռոման Շերբան, Sportbox կայքի լրագրող Մաքսիմ Ալլանազարովը, Ридус գործակալության լրագրող Մաքսիմ Կորոտկինը, ինչպես նաեւ լրագրողներ Մաքսիմ Խորոշինը, Սեմյոն Վասիլեւը եւ Սամվել Առուստամյանը:

Հադրութի մարզադաշտի բացման արարողությունը կայացել է մայիսի 12-ին: Նշենք, որ խաղադաշտը կառուցվել է ՀՖՖ-ի աջակցությամբ:

Տասը թիմերը բաժանվեցին երեք խմբերի: Երկու խմբում ընդգրկվեցին երեքական թիմեր, իսկ մյուս խումբը բաղկացած էր 4 թիմից: Փլեյ-օֆֆ դուրս եկան Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու եւ Խաչենի թիմերը: Կիսաեզրափակիչում Ստեփանակերտը 3:2 հաշվով հաղթեց Մարտունուն, իսկ Շուշին՝ 5:0 հաշվով պարտության մատնեց Խաչենին: Եզրափակիչում Արցախի մայրաքաղաքի թիմը 1:6 հաշվով առավելության հասավ Շուշիի թիմի նկատմամբ: Մրցաշարի լավագույն ռմբարկուն Նոբել Առուստամյանի կողմից ստացավ Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը:

Ռուսաստանցի մասնակիցները իրենց ոչ հաջող ելույթը բացատրեցին երկար ճանապարհ անցնելու, շոգի եւ բարձր լեռնային կլիմայի ազդեցությամբ: «Դիզակ» թիմի կազմում հանդես էին գալիս մոսկվայաբնակ հայեր, ովքեր Արմեն Բարխուդարյանի ընկերներն էին: Ռուսաստանցի լրագրողները Հայաստան էին ժամանել Նոբել Առուստամյանի առաջարկով: Նոբելի համար ընկերների հետ Արցախ այցելելը յուրահատուկ նշանակություն ուներ: Նոբելի պապը Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղից է: Ինչպես Նոբելն է պատմում, իր առաջարկը ընկերների կողմից միանգամից արագ արձագանք գտավ, եւ նրանք համաձայնեցին մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Մրցաշարն անցկացվեց Հադրութի նորակառույց խաղադաշտում: Ֆուտբոլային մրցաշարը հավաքել էր քաղաքի գրեթե բոլոր մանուկներին եւ պատանիներին: Մրցաշարից հետո անցկացվեց կենցաղային տեխնիկայի վիճակախաղ եւ այլ հանդիսություններ:

Վերա Մարտիրոսյան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ