News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է լրագրող Դավիթ Բոյաջյանի հոդվածը, որը տպագրվել է «Dissident Voice» տեղեկագրում:

Թուրքիան, երեւում է, սիրում է այսպես կոչված կեղծ դրոշով գործողությունները: 1955թ., օրինակ,  թուրքական կառավարությունը քողարկված կերպով պայթեցրեց Հունաստանի Սալոնիկում գտնվող իր սեփական հյուպատոսությունը՝ դրանում մեղադրելով հույներին: Հաջորդ օրը Թուրքիան հակահունական զանգվածային անկարգություններ կազմակերպեց Ստամբուլում, որոնց հետեւանքով տասնյակից ավելի քրիստոնյաներ սպանվեցին եւ հարյուր միլիոնի վնաս հասցվեց:

Տեղափոխվենք 2014թ. մարտ: Հրապարակված տեսագրությունը բացահայտում է, որ թուրք պաշտոնյաները դավադրություն են նյութել կեղծ դրոշով սեփական տարածքում ռազմական հարձակումներ գործելու եւ դրանում սիրիացիներին մեղադրելու համար: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Գեներալ Յաշար Գյուրելը եւ հետախուզության պետ Հաքան Ֆիդանը ծրագրում էին հարձակումներն օգտագործել որպես Սիրիա ներխուժելու պատրվակ:

Կովկասից դիտողներին սա կարող է հիշեցնել նաեւ երկու տասնամյակ առաջ Հայաստանի վրա հարձակվելու եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը գլխիվայր շրջելու  Թուրքիայի ծրագիրը: Ամերիկացի, ֆրանսիացի եւ հույն պաշտոնյաների տվյալով՝ ՌԴ խորհրդարանի խոսնակ Ռուսլան Խասբուլատովի եւ մահմեդական Թուրքիայի միջեւ գաղտնի համաձայնություն կար: Հաջողության դեպքում Հասբուլատովը ռուսական զորքերին կհրամայեր հեռանալ Հայաստանից, որտեղ նրանք օգնում էին պահպանել Թուրքիայի հետ սահմանը: Դա կբացեր Թուրքիայի ճանապարհը՝ ներխուժելու այդ ծով չունեցող 3 միլիոն բնակչությամբ քրիստոնյա  երկիր:

Խասբուլատովի եւ Թուրքիայի միջեւ պակտի թեման առաջին անգամ արծարծել էր Լեոնիդաս Խրիզանտոպուլոսը՝ իր «Կովկասյան քրոնիկոններ» գրքում: Նա Հայաստանում Հունաստանի դեսպանն էր եղել 1993 թ. հուլիսից մինչեւ 1994 թ. փետրվար: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանս դե Հարթինգը նրան ասել էր, որ «Ֆրանսիայի հետախուզական աղբյուրները» հաստատել են՝ «թուրքական ներխուժումը Հայաստան տեղի կունենար Խասբուլատովի կողմից ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելուց անմիջապես հետո»: «Այս տեղեկությունը, - գրում է Խրիզանտոպուլոսը, - ավելի ուշ հաստատեց  ամերիկացի իմ գործընկերը»: ԱՄՆ-ի դեսպանն էր Հարրի Գիլմորը: 

Որքան հայտնի է, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան երբեք հրապարակայնորեն չեն ժխտել Խասբուլատովի եւ Թուրքիայի միջեւ դավադրության գոյությունը: Բացի դրանից, Խրիզանտոպուլոսը չի նշում, թե որեւէ երկիր փորձել է  Թուրքիային համոզել՝ գործարք չկնքել Խասբուլատովի հետ: Արդիակա՞ն է արդյոք այս պատմությունն այսօր:  Այո, որովհետեւ թուրքական, ամերիկյան եւ ՆԱՏՕօ-ական ներկայիս քաղաքականությունը Կովկասում խիստ նման է 1993թ. Խասբուլատովի եւ Թուրքիայի միջեւ դավադրությանը:  Երկու տասնամյակ Արեւմուտքը փորձում է ներխուժել եւ գերիշխել Կովկասում՝ Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում, եւ վերջիվերջո, անցնել Կասպից ծովը՝ հասնելով էներգապաշարներով հարուստ Կենտրոնական Ասիա:

Այս ծրագիրն արդեն մասնակիորեն իրականացվել է՝ Ադրբեջանից Վրաստան եւ Թուրքիա նավթա- եւ գազատարներ կառուցելու  միջոցով: ՆԱՏՕ-ի նպատակն է կլանել Կովկասը: ՆԱՏՕ-ն դրանով կսպառնա Ռուսաստանին հարավից, ինչպես որ այժմ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա արեւմուտքից՝ Արեւելյան Եվրոպայի  երկրների մեծամասնությունը կլանելու ճանապարհով:

Վրաստանը եւ Ադրբեջանը հակված են անդամակցել ՆԱՏՕ-ին: Հայաստանը, սակայն, հակված չէ դրան՝ չնայած որ հիանալի հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ: Հայաստանը Ռուսաստանի հետ միություն կազմելուն այլընտրանք չունի, քանի որ բախվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից  մշտական սպառնալիքի՝ 1993 թ. սյուժեն նման օրինակներից է: 

Հայաստանը Կովկասի հիմնաքարն է: Եթե Խասբուլատովի՝ Թուրքիայի, գործողությունը Հայաստանի դեմ հաջող անցներ, Ռուսաստանը, հավանաբար, կկորցներ, իսկ ՆԱՏՕ-ն ձեռք կբերեր ողջ Կովկասը:  Այդ պատճառով էլ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի կողմից նոր սադրանքները, այդ թվում նաեւ՝ կեղծ դրոշի ներքո գործողությունները, չեն կարող բացառվել: Թուրք, ամերիկացի եւ ՆԱՏՕ-ական առաջնորդները պետք է պատասխանեն նաեւ  հետեւյալ հարցին՝  Կովկասում իրենց քաղաքականությունը խաղաղությա՞ն է տանում, թե՞ պատերազմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ