News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի եւ կարեւոր քայլ կդառնա երկու պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի եւ անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը եւ ըստ նախագահի, անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչեւ հումանիտար ոլորտում համագործակցությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է ակտիվ եւ լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջեւ պատմական ավանդույթներին եւ, իհարկե, ժամանակի ընթացքում ձեւավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ փոխանցելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի Նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաեւ Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ: Սերգեյ Լավրովը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը եւ՛ երկկողմ ձեւաչափով՝ օրակարգի առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, եւ՛ հայ-ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են եւ հուսալի բարեկամներ, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում: ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաեւ, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ: ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաեւ ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սեւծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ եւ ՌԴ միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը: Նախարար Լավրովի հավաստմամբ, հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Բնականաբար, քննարկվել է ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ, ՌԴ-ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ