News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, հոգեպես շատ վատ վիճակում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ մեկուսարանը նրան համապատասխան տեղ չէ:

«Ֆիզիկական առումով ավելի լավ է հնարավորության սահմաններում, բայց հոգեկան առումով շատ վատ է,  քանի որ դեպքը ամբողջությամբ ազդել է նրա վրա: Էլ չեմ ասում, որ մեկուսարանում գտնվելը բացարձակապես նրան համապատասխան չէ, քանի որ այդ արարքը նա բացարձակապես ոչ կաներ, ոչ էլ կլիներ, եթե այդ իրադրությունը չլիներ: Իսկ այդ «արարք» ասածին դեռ պետք է որակում տրվի: Գործողություն կատարվել է, բայց ինչ եւ ինչի համար, դեռ պետք է պարզվի: Սպանության փորձի մասին բացարձակապես խոսք լինել չի կարող»,- նշեց փաստաբանը:

Փաստաբանին զարմացնում է այն, թե ինչու մինչեւ այսօր ձերբակալված չէ Վալերի Հովհաննիսյանը, որը, ըստ նախնական վարկածի, «Վերնիսաժում» Ներսես Մելքոնյանի հետ է եղել, եւ վեճի բռնվելով Գոռ Առաքելյանի հետ՝ բռնություն կիրառել նրա նկատմամբ.

«Ես մտածում եմ, թե ինչն է պատճառը, որ Վալերիին չեն ձերբակալում, քանի որ արդեն իսկ Նորայր Մելքոնյանին առաջադրված խուլիգանության հոդվածում ասվում է՝ մի խումբ անձանց կողմից արված խուլիգանություն: Այդ դեպքում նրա հետ եղել է Վալերի Հովհաննիսյանը, եւ, բնականաբար, դա նրան պետք է վերաբերվի»:

Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ այն անցորդները, որոնք դեպքի ժամանակ վնասվածք են ստացել, կստանան օժանդակություն՝ վնասի վերականգնման համար. «Ըստ օրենքի, եթե անգամ պատահականության արդյունքում է եղել վնասը, պետք է օժանդակեն վնասի վերականգմանը: Օրենքը դա սահմանում է, չգիտեմ՝ դա երբ կլինի, բայց կլինի, բուժման ծախսերը եւ այլն կհատուցվեն»:

Հարցին, թե ինչ են տեսանկարհանել «Վերնիսաժում» տեղադրված  տեսախցիկները, փաստաբանը պատասխանեց. «Տեսագրություն չենք տեսել դեռեւս եւ չգիտենք անգամ՝ կա՞, թե՞ չկա: Բայց թող տպավորություն չստեղծվի, որ գործում փաստեր չկան, դրանք բազմաթիվ եւ բազմազան են, ուղղակի այժմ նախաքննություն է ընթանում»։

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ