News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ հարկային քաղաքականության ոլորտում պետության կարեւորագույն գործառույթներից մեկը բնակչության եկամուտների մակարդակի անհավասարությունը նվազեցնելն է, այլ ոչ թե այն ավելացնելը, որը բերում է աղքատության ավելացման եւ օրիգարխների դասի ձեւավորման:

Եկամտահարկի սանդղակը մեզ մոտ պրոգրեսիվ է, ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի, որտեղ այն «հարթ» է (չնայած այնտեղ արդեն մշակում են պրոգրեսիվ հարկման ներդրման հարցը): Միաժամանակ, առավելագույն դրույքաչափը Հայաստանում «ընդամենը» 20% է, ինչն ամենեւին չի արտացոլում մեր իրականությունը: Չէ՞ որ մեզ մոտ հազվադեպ չեն ամսական մի քանի միլիոն դրամ (նույնիսկ մի քանի տասնյակ միլիոն) աշխատավարձերը: Բնականաբար, խոսքը ոչ թե կոմերցիոն ընկերությունների շարքային աշխատակիցների, այլ բարձրագույն ղեկավարության մասին է:

Գոյություն ունի նաեւ մեկ այլ պատնեշ, որը խոչընդոտում է եկամուտների համահարթեցմանը: Այսպես կարեւոր է վարձու աշխատողի աշխատավարձից գանձվող եկամտահարկը չշփոթել քաղաքացիների եկամտահարկի հետ: Չէ՞ որ աշխատավարձը մասնավոր եկամտի միայն մի մասն է:

Մենք ունենք ֆիզիկական անձանց եկամուտ, որն օրենքով չի հարկվում: Դրանք, մասնավորապես, կոմերցիոն ընկերությունների բաժնետերերի ստացած շահաբաժիններն են: Մեր հայրենական ընկերությունները, որպես կանոն, ներկայացված են որպես Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Եվ դրանցում, դարձյալ որպես կանոն, գոյություն ունի մեն-մի բաժնետեր՝ ընկերության լիիրավ սեփականատերը:

Չենք ներկայացնի Շվեդիայի օրինակը, որտեղ քաղաքացիների եկամուտներն առավելագույնս համահարթեցված են՝ եկամտահարկի բարձր դրույքաչափերի շնորհիվ (ընդհուպ մինչեւ 57%): Մեր «ձեռքբերումները» համեմատենք հետխորհրդարային տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Հուլիսի 1-ից Ուկրաինայում ֆիզիկական անձանց եկամուտների հարկման պրոգրեսիվ սանդղակ է ներդրվել: Առավելագույն դրույքաչափը՝ 25%, նախատեսված է տարեկան 1 մլն գրիվնայից ավելի եկամտի դեպքում: Հայաստանում արտարժույթի փոխարժեքով այդ կազմում է ամսական 2.9 մլն դրամից պակաս (շուրջ 7 հազար դոլար): Հասկանալի է, որ հայրենական խոշոր բիզնեսի պարագայում նման «խորհրդանշական» եկամուտը պարզապես ծիծաղելի է:

Ռուսաստանում ֆիզիկական անձանց շահութահարկը առայժմ 9% է, սակայն քննարկվում է այն մինչեւ 13% հասցնելու հարցը: Այսինքն՝ մինչեւ աշխատավարձից եկամտահարկի մակարդակի: Բնականաբար, այս միջոցները ձեռնարկվում են ոչ լավ կյանքից, այլ նպատակ ունեն հաղթահարել երկու նախկին «եղբայրական» հանրապետությունների միջեւ հակամարտության տնտեսական հետեւանքները: Սակայն չափազանց միամիտ կլիներ կարծել, որ մեր տնտեսությունը ծաղկում է, եւ մեզ մոտ եկամուտների առումով հասարակության չափազանց մեծ բեւեռացում գոյություն չունի:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ