News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը այց է կատարել Վրաստան, որի նպատակն էր ուսումնասիրել վրաստանյան փորձը պրոբացիոն ծառայության ներդրման եւ գործարկման, ինչպես նաեւ՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառման ոլորտում:

Այս առնչությամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այցը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության եւ Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) միջազգային կազմակերպության կողմից՝ ներկայումս իրականացվող «Ազատազրկման հետ չկապված պատիժների խթանումը Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության ժողովրդավարության հիմնադրամի կողմից: Պատվիրակությունը կազմում ընդգրկված էին ՀՀ դատական համակարգի, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի եւ իրավական բարեփոխումների վարչության, ինչպես նաեւ` Եվրոպայի խորհրդի եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Վրաստանի Արդարադատության նախարարության աշխատակիցների, Պատիժների կիրառման եւ պրոբացիայի փոխնախարարի, պրոբացիոն ծառայության պետի եւ աշխատակիցների, Վերաքննիչ դատարանի դատավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պրոբացիոն գործակալության պետը ներկայացրել է Վրաստանի պրոբացիոն ծառայության ներդրման պատմությունը, անցած ուղին, խնդիրները եւ մշակված լուծումները, ծանոթացրել է հետագա ծրագրերին: Պատվիրակությունն այցելել է պրոբացիոն ծառայության տարածքային բյուրոներից մեկը, որտեղ հնարավորություն է ունեցել անմիջականորեն ծանոթանալ ծառայության գործունեության առանձնահատկություններին, տեխնիկական սարքավորումներին եւ աշխատակիցների հիմնական գործառույթներին:

Պատվիրակության անդամներն այցելել են նաեւ վերջերս շահագործման հանձնված ազատության սահմանափակում պատժատեսակի կրման վայր, որտեղ տեղափոխվում են այն դատապարտյալներն, ովքեր իրենց պատժի վերջին ամիսներն են կրում, դրսեւորել են լավ վարքագիծ եւ ցանկանում են մասնակցել վերականգնողական ծրագրերին: Գտնվելով այդտեղ՝ դատապարտյալներն իրավունք ունեն շաբաթ եւ կիրակի օրերին գնալ տուն, իսկ շաբաթվա մյուս օրերին մասնակցում են վերականգնողական ծրագրերին, ցանկության դեպքում անցնում են վերապատրաստում, սովորում արհեստ կամ զբաղվում սպորտով:

Ինչպես հայտնի է, Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ներդնել պրոբացիոն ծառայություն, որի համար մշակվում է ինչպես նոր օրենսդրություն, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Այս այցի նպատակն էր նաեւ աջակցել Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը` այլ երկրների պրակտիկայի օրինակների եւ փորձի ուսումնասիրության միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ