News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան մեղավոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձախողման համար, քանի որ այդ երկրի կառավարությունը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, «անհնարին» նախապայմաններ է առաջադրում: Այս մասին արգենտինական «Buenos Aires Herald» թերթին տված հարցազրույցում ասել է Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվար Նալբանդյանը:

«Մեր նախագահը փորձեց կարգավորել երկու երկրների հարաբերությունները: Մենք համաձայնության եկանք մեր հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու արձանագրությունների շուրջ, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Ցավոք, արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո, որը կայացավ 2009 թվականի հոկտեմբերին, Ցյուրիխում, Թուրքիայի խորհրդարանը չկարողացավ վավերացնել եւ իրականացնել համաձայնագիրը, իսկ Թուրքիան հիմա նոր նախապայմաններ է հորինում»,- ասել է նա:

Նշենք, որ Էդվարդ Նալբանդյանն ընդգրկված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում: Նրանք Արգենտինայում մասնակցել են Հայաստանի սահմաններից դուրս իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Նախարարի խոսքով, թանգարանի բացումը կարեւոր քայլ է: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ, ինչպես նաեւ արգենտինյան կառավարության կողմից հատուկ օրենքով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը»,- հավելել է Նալբանդյանը:

Ինչո՞ւ է հայերի համար այդքան կարեւոր, որ միջազգային հանրությունը ճանաչի ցեղասպանությունը: «Այդ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Եվ, ցավոք, այն հանգամանքը, որ միջազգային հանրության կողմից չի ընդունվել այն ժամանակ, հնարավոր է դարձրել նաեւ այլ ցեղասպանությունները: Այդ պատճառով մենք պատասխանատու ենք զգում որպես ժողովուրդ, որը տուժել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետեւանքով, թույլ չտալ մարդկության դեմ նոր հանցագործություններ ապագայում»,- պատասխանել է ՀՀ արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է զանգվածային սպանություններն ընդունելու շուրջ Թուրքիայի մերժմանը. ԱԳ նախարարն ասել է, որ «այդ կապված է ոչ այնքան փոխհատուցումների հետ, որոնք թուրքական պետությունը պետք է վճարի հայ ընտանիքներին, որքան այն հանգամանքի, որ դժվար է նայել սեփական ժողովրդի աչքերին եւ ասել. «Մենք 99 տարի շարունակ խաբում էինք ձեզ»:

Հաջորդ տարի ամբողջ աշխարհում հայերը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ «աշխարհի բազմաթիվ երկրներ կարտահայտեն հայ ժողովրդի հետ իրենց համերաշխությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ