News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Արգենտինա մեկնած նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինական La Nacion պարբերականին։

Սարգսյանի խոսքով՝ Հարավային Ամերիկա իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է Օսմանական կայսրության կողմից հայ ժողովրդի ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին։ Բացի Արգենտինայից, Սերժ Սարսգյանը պաշտոնական այցով կմեկնի նաեւ Ուրուգվայ եւ Չիլի, հաղորդում  է Inosmi-ն։ 

Հայաստանի նախագահը Լատինական Ամերիկայի երկրներով իր շրջագայության ընթացքում ցանկանում է սեւեռել հասարակության ուշադրությունը պայթյունավտանգ իրավիճակին, որն այժմ տիրում է Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։

Թեեւ Սարգսյանը Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների հիվանդության պատճառով չի կարողացել հանդիպել վերջինիս հետ, նախագահը հաղորդել է, որ մյուս տարի հրավիրել է նրան Հայաստան՝ հայ ժողովրդի մեծ ողբերգության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

Պարոն նախագահ, հրավիրվա՞ծ է արդյոք այդ միջոցառմանը Թուրքիայի ապագա նախագահը։ Կա՞ն դրա համար անհրաժեշտ նախապայմանները:

Սկզբի համար, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը։

Թերեւս, նախագահական ընտրություններում հաղթելու համար ավելի մեծ շանսեր ունի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը...

Հնարավոր է: Բայց եկեք չշտապենք եւ սպասենք ընտրության արդյունքներին։

Թուրքիան, եւ այդ մասին բազմիցս հայտարարել է Էրդողանը, շարունակում է հրաժարվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կարո՞ղ է արդյոք Էրդողանի նման խիստ կեցվածքը հանգեցնել նրան, որ իրեն չհրավիրեն։

Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվներն ու ներկայացնենք կոնկրետ փաստեր Հայոց ցեղասպանության մասին։ Մենք կցանկանայինք հրավիրել Թուրքիայի նախագահին եւ հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, որոնք մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Հնարավոր է, երբ նա դա տեսնի, այլ ապացույցների կարիք չզգացվի:

Կարծիք կա, որ այժմ Թուրքիայում ազգայնականության վերելք է նկատվում, ինչը հատկապես զգալի է դարձել նախընտրական քարոզչության ընթացքում։ Արդյո՞ք դա կկարողանա պատճառ դառնալ Թուրքիայի եւ Հայաստանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունների սրացման համար։

Կուզեի հիշեցնել, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Իսկ եթե դրանք չկան, ապա ի՞նչ կերպ պետք է վատանան մեր հարաբերությունները։

Լավ, փորձեմ հարցս վերաձեւակերպել. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկ Անկարան, անխոս աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։

Բայց մենք որեւէ լարված իրավիճակ չունենք Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին,, առնվազն՝ քաղաքական։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում,այո՛, կա լարվածություն, սակայն դա Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք։

Այո, բայց անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երեւանը, եթե Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը։ Այս պահին իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։

Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկման հավանականությունը։ Բայց,  կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի։ Նա իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա եւ զինամթերք գնելու համար, սակայն դա չի երաշխավորում հաղթանակը։

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ձգտումը, որը գլխավորում է Ռուսաստանը, պայմանավորվա՞ծ է արդյոք հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու համար ուժեղ դաշնակցի որոնումներով։

Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք ՀԱՊԿ անդամ ենք դարձել, եւ այս տարիներին Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել։

Բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է մատակարարել:

Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է եւ մեր ժողովուրդը շատ է մտահոգված, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ եւ ունակություն ունի, որ կկարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները։

Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված՝ Ռուսաստանի հետ միությունը դժվարացնո՞ւմ է հարաբերությունները Եվրոպայի հետ։

Հասկանալի է, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը դուր չի գալիս եվրոպացիներին։ Սակայն ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու ենք մենք այդ քայլին գնացել։

Ո՞ւմ եք հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Հրավերն ուղարկել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների առաջնորդներին։

Եւ ի՞նչ են նրանք պատասխանել։

Մենք դեռ պատասխան չենք ստացել, քանի որ սգո միջոցառումների մեկնարկին դեռ շատ ժամանակ կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ