News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ողջունում է 2007 թվականին Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի հարցով Թուրքիայի Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը:Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության տեքստում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Թուրքիայի Սահմանադրական դատարանի վճռում ասվում է, որ Հրանտ Դինքի սպանության գործի դատավարությունը անցկացվել է խախտումներով:

Սպանված հայազգի լրագրողի ընտանիքի բողոքին ի պատասխան թուրքական բարձրագույն դատական ատյանը միաձայն որոշել է, որ այդ գործով տարված հետաքննությունը անարդյունավետ էր, իսկ դատական իշխանությունները Դինքի ընտանիքին գործի քննության ընթացքի մասին պատշաճ կերպով չեն տեղեկացրել։

ՍԴ այս որոշումից հետո թուրքական դատախազությունը պետք է Դինքի սպանության գործով նոր՝ գործուն հետաքննություն սկսի:

«Այս որոշումները Թուրքիայում կարեւոր խնդիրների են վերաբերում, ու այդ քայլերը միտված են հասարակությունում ժողովրդավարական սկզբունքները ամրապնդելուն։ Մենք ակնկալում ենք, որ դատական համակարգն ու կառավարությունը կառաջնորդվեն այս վճիռներում սահմանված չափանիշներով՝ հետագա նմանատիպ գործերում որոշումներ կայացնելիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքներին համապատասխան», – մասնավորապես ասվում է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ:

Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դինքի այրին ու զավակները դիմել էին սահմանադրական դատարան՝ պնդելով, որ բավարար չափով տեղեկացված չեն դատական ընթացքին ՝ միեւնույն ժամանակ նշելով, որ լրագրողի սպանության գործով տարվող քննությունը բազմաթիվ թերություններով է ընթանում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ