News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը հուլիսի 21-ին կատարեցին Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, հայ համայանքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ ընգծելով, որ Լիոնը եւ Ռոն-Ալպի տարածաշրջանը կարեւոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների եւ բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։

«Լիոնում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ միջնադարից. սկզբում` վաճառականները, այնուհետեւ մետաքս արտադրող հայերը հաստատվել եւ արարել են այս տարածաշրջանում», ասաց նախարար Նալբանդյանը։

«Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայեր, հայտնվելով Մարսելում, բարձրացան Հռենոսի հունով եւ երկրորդ Հայրենիք գտան Լիոնում, Վալանսում, Գրենոբլում, Վիենում, Ռոմանում, Վիլյորբանում, Սենտ-Էտյենում, Դեսինում, Սենտ-Շամոնում եւ այլուր։ Նրանք ինտեգրվեցին ֆրանսիական հասարակությանը եւ իրենց նպաստը բերեցին եւ շարունակում են ներդրում ունենալ Ռոն-Ալպի եւ նրա քաղաքների զարգացմանը։

Այսօր, Լիոնն ու Ռոն-Ալպի տարածաշրջանը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային եւ մարզական կենտրոններով, վկայում են հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միեւնույն ժամանակ` Հայաստանի հետ կապվածության մասին։

Այս տարածաշրջանում հայերին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարյուրավոր հուշարձաններ, հրապարակներ, փողոցներ ու խաչքարեր կան։ Ես ջերմությամբ եմ հիշում Լիոնի քաղաքապետի հետ միասին 2006թ. ապրիլին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման հուզիչ արարողությունը»:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Լիոնի եւ Ռոն-Ալպի մարզային, շրջանային եւ համայնքային իշխանություններին, հայկական կազմակերպություններին, ծագումով հայ քաղաքացիներին` շարունակական աջակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարեւոր ներդրման համար։

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ այն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի ղեկավարությամբ, իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման եւ խորացման գործում։

Գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը, որոնք բարձր գնահատեցին Լիոնում գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր որակ եւ թափ կհաղորդի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ Լիոնի եւ Ռոն-Ալպի այլ բնակավայրերի եւ նրանց հայաստանյան գործընկեր քաղաքների միջեւ կապերի առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Ելույթներից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո գլխավոր հյուպատոսության շենքի առջեւ բարձրացվեց ՀՀ պետական դրոշը, այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը, Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Ժերար Կոլոմբը, Դանիել Շուզեվիլը եւ Նիկոլայ Սարկիսովը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը։

Գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ