News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երթուղային տրանսպորտում շահագործվող գազելները, որոնք վաղուց պետք է շահագործումից հանվեին, վտանգավոր են, մարդիկ պետք է ավելի պահանջկոտ լինեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Երեւանում տրանսպորտի խնդիրներին:

«Այսօր մինչեւ այստեղ գալը կարդացի, որ երթուղայիներից մեկը՝ 54 համարի երթուղայինը, մխրճվել էր մամուլի կրպակի մեջ, եւ խնդիրը արգելակման  հետ էր կապված: Իրականում դա նոր մեքենա էր՝ Չինաստանից ներմուծված, դուք պատկերացրեք, թե որքան վտանգավոր  են այն գազելները, որոնք արդեն վաղուց պետք է շահագործումից դուրս հանվեին: Այս ոլորտը բարձիթողի վիճակում է»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Ըստ Դավիթ Սանասարյանի՝ տրանսպորտի վատ վիճակը ձեռնտու է գծատերերին. «Հիմա նրանք  փորձում են ներկայացնել, որ մինչեւ տրանսպորտը չթանկանա, չեն կարող համակարգային լուծում տալ: Նրանք քաղաքացիների գումարի հաշվին փորձում են իրենց բիզնես ոլորտը բարելավել: Ամբողջ աշխարհում ծառայության դիմաց են վճարում, ոչ թե ասում են՝ գումար տուր, ծառայություն մատուցենք»:

Նրա կարծիքով ՝ սուտ են այն պնդումները, որ գծատերերը 100 դրամ ուղեվարձի դեպքում առանց շահույթի են աշխատում այսօր. «Եթե շահույթներ չունենային գծատերերը, հանրապետական պատգամավորների մեծ մասը գծեր չէր ունենա»,- ասաց նա:

Երևանի ավագանու անդամի կարծիքով՝այս իրավիճակում պետք է պայքարեն քաղաքացիները եւ պահանջկոտ լինեն:

«Քաղաքացիները պետք է շատ ակտիվ մասնակցեն այդ պրոցեսներին, պահանջներին, ոչ թե սպասեն  ու արձագանքողի դերում հանդես գան: Պետք է չնստեն այն մեքենաները, որտեղ տեղ չկա նստելու, կամ որտեղ այլ երկրների դրոշներ են դրած, կամ երբ վարորդը ծխում է կամ ռաբիս երաժշտություն է լսում:  Ես ուսումնասիրել եմ, տարբեր երթուղայիններ եմ նստել եւ տեսել, որ վարորդները ծխում են, իսկ Երեւանի տրանսպորտի վարչության պետը ամեն երկուշաբթի քաղաքապետարանում գալիս, զեկուցում է, որ տրանսպորտում խախտումների վեց դեպք են հայտնաբերել: Սա նշանակում է, որ նրանք չեն աշխատում»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Տպել
Ամենաշատ