News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային Ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Մոսկվայում հայ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորումը:

Հայտարարության մեջ ասվում է. «Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:

Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը»:

Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ