News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրիում Մուշ 2 թաղամասում 430 ընտանիքի համար նախատեսված նոր բնակարանների դադարեցված շինարարությունը հնարավոր է՝ չվերսկսվի. Բնակարանի կարիք ունեցողներին կարող են հատկացնել նույն թաղամասում արդեն կառուցված, բայց չբնակեցված բնակարանները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը Գյումրի էր այցելել՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար իրականացվող բնակարանապահովման ծրագրերի ընթացքին եւ արդյունքներին ծանոթանալու նպատակով։

«Մենք պետք է քննարկենք 430 նոր բնակարանի շինարարության հարցը, որովհետեւ այստեղ կան ազատ բնակարաններ, միգուցե այլ տարբերակ ընտրենք, իսկ եթե ոչ, ապա շենքը կկառուցենք: Եթե եղավ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրը, կփորձենք այն իրականացնել, եւ եթե կան ազատ բնակարաններ, նորը կառուցելն անիմաստ է: Բայց անպայման հարցին լուծում կտանք, եւ մարդիկ բնակարան կունենան»,- նշել է վարչապետը։

Լրագրողների հետ զրույցում վարչապետը գոհունակություն է հայտնել իրականացված բնակարանաշինության արդյունքներից՝ ընդգծելով. «Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008 թ. սկսած 81 մլրդ 500 մլն դրամին համարժեք ներդրում է իրականացվել Գյումրի քաղաքում: Ես տեսել եմ 2005-2006թթ. պատկերը՝ այն տնակների բանակը, որ կար Գյումրիում: Այսօր այս հարցը լուծված է, սակայն այնպես է ներկայացվում, կարծես ոչինչ չի արվել: Դուք ինքներդ ականատես եղաք, որ դժգոհությունն ասֆալտի որակից էր, կամ մի քար էր պոկվել ճակատային մասից, կամ ինչ-որ տեղ ջուր է կաթում: Ես հանձնարարեցի, որ այդ թերությունները շինարարները շատ արագ վերացնեն, իսկ հսկողությունը կիրականացնեն ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Շիրակի մարզպետարանը եւ Գյումրու քաղաքապետարանը: Ամեն դեպքում շինարարության որակը գնահատում եմ լավ, քանի որ, իրոք, գործ արվել է: Այժմ մնում է սեփականության վկայականների խնդիրը լուծել: Մենք հիմա կվերադառնանք մարզպետարան եւ այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնենք»:

Պատասխանելով այսօր իր պաշտոնավարման 100 օրը լրանալուն վերաբերող հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Գնահատականը պետք է տա հանրությունը, մեր գործընկերները: Պետք է հասկանալ, որ մենք չենք կարող 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց մեր թիմը՝ նոր կառավարությունը, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ: Դրա համար ժամանակ եւ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Մեր մոտեցումը հետեւյալն է՝ կոնկրետ հարցին տալ կոնկրետ  լուծում, ոչ թե անընդհատ քննարկել: ՀՀ կառավարության  ծրագրում հստակ ներկայացվել են մեր թիրախները եւ առաջնահերթությունները: Մեզ համար առաջնահերթությունը մեր քաղաքացին է եւ նրան բարեկեցիկ կյանքով ապահովելը»։

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ավելի ուշ Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի հետագա ընթացքը, ինչպես նաեւ բնակիչներին հուզող խնդիրները: Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ Գյումրիում բնակարանատերերին սեփականության վկայագրեր կտրամադրվեն մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ նոր բնակարանների կառուցման առնչությամբ վարչապետը հանձնարարել է Լոռու եւ Շիրակի մարզպետներին, Գյումրու քաղաքապետին հանդիպել բնակիչներին, քննարկել նրանց համար ընդունելի տարբերակը (ԲԳՎ, թե բնակարան) եւ մեկ շաբաթվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ անձամբ հետեւողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը:

 Հովիկ Աբրահամյանի՝ Շիրակի մարզ աշխատանքային այցի վերջին կանգառը Ազատան համայնքն էր: Վարչապետը շրջել է գյուղի մանկապարտեզի նորակառույց շենքում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին եւ հարմարություններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն ՀՀ դրամ, որից 240 մլն ՀՀ դրամը հատկացվել է 2012 եւ 2013 թթ. ՀՀ կառավարության՝ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների 3-րդ եւ 4-րդ ծրագրերով, իսկ 130 մլն դրամը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին: Ծրագրի շահառու է ճանաչվել 5313 ընտանիք, որից՝

• 61 ընտանիքի 2008-2009 թթ. տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով

• 321 ընտանիքի՝ ուղղակի ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամի չափով

• 3693 ընտանիքի հատկացվել է բնակարան (բնակելի տուն)` կառուցված 2009-2013 թթ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ