News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2014 թվականին «Ֆլեշ» ընկերությունը (Հայաստան նավթամթերքի խոշորագույն ներմուծողներից մեկը) կարող է ամբողջությամբ անցնել ռուսական բենզինին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Նա նշեց, որ ավելի վաղ Ռուսաստանից այդքան մեծ քանակությամբ նավթամթերք չէր ներմուծվում, սակայն Հայաստան առաքվող նավթամթերքի համար ՌԴ մաքսատուրքը վերացնելուց հետո ռուսական բենզինը մրցունակ է դարձել: «Մենք ոչ թե հրաժարվում ենք եվրոպականից, պարզապես ռուսական բենզինի դեպքում գնային քաղաքականությունն ավելի շահավետ է»,- նշեց Բեգլարյանը:

Նրա խոսքով, հակառակ դեպքում հիմա բենզինը մի քանի տոկոսով (շուրջ 30 դրամ) ավելի թանկ կարժենար: Նշենք, որ «ռեգուլյար» տեսակի 1 լիտր բենզինը Երեւանում արժե 490-500 դրամ (շուրջ 1.2 դոլար):

«Այնպես որ՝ մենք զգալիորեն ավելացրել ենք Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումը եւ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ այն կգերակշռի մեր ներմուծման ծավալներում: Իհարկե, դիզելային վառելիք որոշ ծավալներով ստանում ենք նաեւ Իրանից: Բայց հիմնականում՝ Ռուսաստանից»,- հայտարարեց Բեգլարյանը:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստան ռուսական նավթամթերքի ներմուծման ծավալները կազմել են 30% (հիմնականում՝ դիզելային վառելիք եւ մազութ): ՌԴ-ից բենզին գործնականում չի ներմուծվել: Սովորաբար այն Հայաստան է եկել Բուլղարիայից, Ռումինիայից, Իսրայելից եւ Հունաստանից:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը համաձայնագիր ստորագրեցին Հայաստան ներմուծվող ռուսական նավթամթերքի, ալմաստի հումքի եւ բնական գազի մաքսատուրքը վերացնելու մասին: Առանց մաքսատուրքի տարեկան կարելի է Հայաստան ներմուծել 300 հազար տոննայի սահմաններում նավթամթերք, ալմաստի հումք եւ բնական գազ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ