2014թ. Երեւանի ՋԷԿ-ը շուրջ 1.5 մլրդ կՎ/ժ էլեկտրաէներգիա կարտադրի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Երեւան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կայանը շարունակելու է աշխատել 100%-անոց ծանրաբեռնվածությամբ, քանի որ հանրապետությունում գործող ջերմակայաններից Երեւանի ՋԷԿ-ի սակագինն ամենացածրն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Երեւանի ՋԷԿ-ի ընդհանուր սակագինը զգալիորեն բարձրանալու է. 17.594-ից մինչեւ 18.133 դրամով՝ 1 կՎ/ժ-ի համար:
Սակագինը բարձրացվելու է Երեւան ՋԷԿ-ի արդիականացման վարկի վճարումները կատարելու համար, որը 2005 թվականին ստացվել է Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունից: 2015 թվականին արտոնյալ ժամանակաշրջանն ավարտվում է, ինչի հետո պետք է վճարումներ կատարվեն: Վարկի շրջանակում 26.4 մլրդ իրենով (շուրջ 255 մլն դոլար) 2010 թվականին ավարտվել է ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը: