News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Էբոլա համաճարակի վերջին բռնկման ընթացքում Հայաստան ոչ մի տեսակի կապիկ չի ներմուծվել, սակայն 2011թ.-ին Հայաստան է բերվել էբոլայի ենթադրյալ վիրուսակիր համարվող «Բոնոբո» տեսակի 2 կապիկ, որոնք այնուհետեւ սատկել են:

NEWS.am-ին ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, թե այս պահին ՀՀ ՖՆ քննչական վարչությունում քննվում է քրեական գործ` «Զօօ Ֆաունա ԱՐՏ» ՍՊԸ հիմնադիր Արթուր Վոլոդյայի Խաչատրյանի կողմից 2011թ. ընթացքում երկու հատ «Բոնոբո» տեսակի կապիկներ ՀՀ ներմուծելու վերաբերյալ: Քրեական գործով կատարվում է նախաքննություն, դեռեւս կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ որեւէ մեկին չի տրվել: Քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ կապիկները ներմուծելուց հետո սատկել են:

««Էբոլա» տեսակի վիրուսի տարածումը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ եւ այն 2011թ. ՀՀ ներմուծված կապիկների հետ առնչություն չունի: ՀՀ ՖՆ քննչական վարչությունում կենդանիների ներմուծման վերաբերյալ այլ քրեական գործեր չեն քննվել: Հավելենք նաեւ, որ 2014 թվականի 7 ամիսների ընթացքում որեւէ տեսակի կապիկ ՀՀ չի ներմուծվել»,- ասացին մամուլի ծառայությունից:

Չնայած ֆինանսների նախարարությունը պնդում է, որ կապիկների սատկելը ոչ մի կապ չունի էբոլա վիրուսի հետ, հենց 2011թ.-ին Էբոլ-Զաիրի տենդի բռնկում է եղել:

NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ սատկած կապիկներից մեկը Արթուր Խաչատրյանից գնել է Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո Պարկ»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կապիկն այլեւս իրենց մոտ չէ:

«Առհասարակ էբոլա հիվանդության ինկուբացիոն շրջանը 21 օր է, սա նշանակում է, որ չի կարող կապիկը 3 տարի ապրել Հայաստանում եւ հետո վարակվել այդ հիվանդությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր կապիկին անցած տարվա նոյեմբերին հանձնել է ուրիշին:

Փաստորեն, Արտյոմ Վարդանյանը թաքցնում է կապիկի սատկելու փաստը: Թե իրականում երբ եւ ինչ պայմաններում է սատկել կենդանին, մեզ չհաջողվեց պարզել: Սատկած մյուս կապիկի մասին տեղեկատվություն ընդհանրապես չկա:

Նշենք, որ էբոլա վիրուսի կրողը շիմպանզեն, գորիլլան, անտառային անտիլոպն ու մակական են համարվում: Յուրաքանչյուր համաճարակի բռնկման դեպքում այն վերոհիշյալ կենդանիներից որեւէ մեկից է մարդու օրգանիզմ անցնում, այնուհետեւ արյան, թքի, լորձի եւ այլ արտազատումների միջոցով մարդուց մարդ փոխանցվում: Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե եւ Նիգերիա: Առ այսօր այս հիվանդությունից մահացել է 1350 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ