News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղյի Հանրապետության զորամասերից մեկում տեղի է ունեցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից դիվերսիոն-հետախուզական ներխուժումը կասեցրած զինվորների պարգեւատրման արարողությունը:  Մեկ րոպե լռությամբ զինվորները հարգեցին իրենց զոհված մարտական ընկերների հիշատակը, ովքեր շփման գծում ընկան հերոսի մահով փխրուն խաղաղության պահպանման եւ երկրի քաղաքացիներին իրենց առօրյա կյանքով ապրելու հնարավորություն տալու համար: Շարքում կանգնած են սովորական, առաջին հայացքից ոչնչով չառանձնացող տղաներ: Սակայն, ինչպես հայտնի է, պատերազմները հաղթանակում են ոչ թե գեներալները, այլ զինվորները՝ մեր ժամանակների հերոսները: Լրագրողների հետ զրույցում զինվորները քչախոս են, հետ շպրտած դիվերսիայի մասին պատմում են համեստորեն, առանց գովասանքի: (ֆոտոռեպորտաժ)

Արդեն 14 ամիս ծառայած Կարեն Ուլուբաբյանը  դիվերսիոն հարձակման ժամանակ հենակետում եղել է ավագի օգնական եւ,իր խոսքով, երբեք չի մտածել, որ կդառնա դիվերսիայի կանխման մասնակից. «Ես նկատեցի երկու ադրբեջանցի զինվորների, միանգամից կրակ բաց թողեցի նրանց ուղղությամբ՝ միաժամանակ գոռալով՝ «Դասակ, տագնապ»: Նկատեցի, որ մենք վիրավորեցինք հակառակորդի զինվորներից մեկին: Դասակի հրամանատարը նրանց ուղղությամբ նռնակ նետեց: Ես լիովին պատրաստ չէի դիվերսիային, սակայն ինձ չկորցրի, եւ սա ամենակարեւորն է: Ես գործեցի իրավիճակի թելադրանքով: Եւս մեկ անգամ նման բան կրկնվելու դեպքում արդեն պատրաստ կլինեմ»,- ասաց նա:

ԼՂՀ պաշտպանության բանակի զինվոր, Երեւանի պետական կոնսերվատորիայի նախկին ուսանող Գառնիկ Դավթյանը նույնպես դիվերսիոն հարձակումը կասեցրած զինվորներից է եղել: Դիվերսիայի ժամանակ նա գտնվել է դիրքում: «Մոտ 22:30-ին դիրքապահներից մեկը մեր դիրքից 5 մետր հեռավորության վրա նկատեց հակառակորդին: Ես եւ սերժանտներից մեկը դիվերսանտների ուղղությամբ կրակ բացեցինք, դասակի հրամանատարը հակառակորդի ուղղությամբ նռնակներ գցեց եւ կրակ արձակեց»: Դավթյանի խոսքով՝ նա առաջին անգամ էր կրակում մարդկանց վրա, սակայն հոգեբանորեն դրան պատրաստ էր. «Դիրքում զինվորի առաջադրանքը բոլոր հնարավոր ուղիներով հակառակորդին չթողնելն է, եւ եթե դու չկրակես, ապա կսպանեն քեզ կամ քո ընկերոջը: Մենք զինվորներ ենք, ովքեր եկել են ծառայելու եւ պաշտպանելու իրենց Հայրենիքը: Ես վստահ եմ, որ հայ զինվորը երբեք չի նահանջի եւ մինչեւ վերջին շունչը կպաշտպանի սահմանը»: 

Գտնվելով դիրքերում՝ զինվորը հակառակորդից ամեն բան սպասում է: Եւ հենց այս մոտեցումն է օգնել շարքային Կարեն Ստեփանյանին չկորցնել իրեն եւ դիվերսանտներին արժանի հակահարված տալ: «Երբ սկսվեց դիվերսիան, մենք սկսեցինք պաշտպանել մեր դիրքերը: Ամենակարեւորը միասնական լինելն է:  Դասակի հրամանատարը նռնակ նետեց, լուսավորող հրթիռ արձակեց, որպեսզի տեսանելիությունը լավանա: Դիվերսիան մոտ կես ժամ է տեւել, որից հետո դիվերսանտները թաքնվել են՝ իրենց հետ տանելով վիրավորներին: Նման պահերին յուրաքանչյուրը մտածում է մեկը մյուսի մասին: Եթե յուրաքանչյուրը մտածի իր մասին, ապա այսպես դիրք չես կարող պաշտպանել, այդ պահին մեզնից յուրաքնչյուրը մտածում է իր ընկերոջ մասին»:

Դիվերսիոն հարձակումների կանխման ժամանակ ամենակարեւորը անձնակազմի անվտանգությունն է: Նման կարծիք հայտնեց շարքային Նապոլեոն Բաղդասարյանը, ով ադրբեջանական դիվերսիայի ժամանակ հանգստանում էր եւ գտնվում խրամատում: «Երբ ես լսեցի կրակոցներ, վերցրեցի հրացանն ու զինամթերքը եւ գնացի դիրքեր եւ կրակ բացեցի հակառակորդի ուղղությամբ ինձ նախանշված վայրից: Երբ սկսեց դիվերսիան, առաջինը, ինչի մասին ես մտածեցի, անձնակազմն էր, իմ մարտական ընկերները: Դժվա՞ր է սպանել, երբ դիմացդ կանգնած է հասակակից: Բաղդասարյանի խոսքով՝ քաղաքացիական կյանքում այդ մասին չես մտածում,  դրա մասին չես մտածում նաեւ ծառայության ժամանակ՝ մինչեւ դիրքեր չգնաս: «Նշանակություն չունի, որ հակառակորդդ 18-ամյա հասակակիցդ է, քանի որ եթե քեզ վրա հարձակվում են, կամ դու պիտի սպանես, կամ քեզ կսպանեն, նրանք չեն մտածում, որ մեր տղաներն էլ են 18-20 տարեկան»:

Հյուսիսային Կիպրոսում հատուկ պատրաստություն անցած ադրբջանական հատուկ ստորաբաժանումների դիվերսիոն-հետախուզական ներթափանցումը կասեցրած հասարակ հայ զինվորերի համար, այս օրը վաղ առավոտից մեկնարկել է բանակում ամառային ուսումնական փուլը, իսկ ԼՂՀ-ի բնակիչների համար՝ իրենց անվտանգության վրա լիովին վստահ սովորական օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ