News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեղյալ է համարել Երեւանի «Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված եւ 2014 թվականի օգոստոսի 1-ին անցկացված մրցույթի արդյունքները:

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հանձնաժողովը պարզել է, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթն անց է կացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ:

«Երեւանի «Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2014 թվականի օգոստոսի 1-ի արձանագրության համաձայն` տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթ անցկացնելու համար կայացած նիստին ներկա են եղել խորհրդի 6 անդամները։ Հավակնորդ՝ Սուսաննա Սարգսյանը, քվեարկության արդյունքում ստացել է 4 կողմ ձայն, եւ խորհրդի որոշմամբ ճանաչվել է հաղթող: Հետեւաբար, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթում հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա 5 կողմ ձայն, սա նշանակում է, որ խախտվել է Կարգի 26-րդ կետի պահանջը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդ՝ Սուսաննա Սարգսյանը, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԵՇԴ/0136/01/13 քրեական գործով 2013 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել երեք դրվագով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին եւ 3-րդ կետերով եւ մեկ դրվագով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում եւ դատապարտվել է տուգանքի, ինչպես նաեւ հանրային եւ պետական կազմակերպություններում որոշակի պաշտոններ, այն է՝ կազմակերպչական, տնօրինական գործառույթներով իրականացվող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 6 ամիս ժամկետով:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Սուսաննա Սարգսյանը ազատվել է հիմնական պատիժը կրելուց։

Տպել
Ամենաշատ