News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգանում են. երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ հարաբերությունների զարգացման համար ստեղծվել է իրավապայմանագրային լավ հիմք, առկա է բարձր մակարդակի մշտական քաղաքական երկխոսություն, արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերաբար անցկացվում են խորհրդատվություններ, կայանում են տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրներում գործում են դիվանագիտական ներկայացուցչություններ: Հայ-լիտվական կապերի շարունակական ամրապնդման տեսանկյունից հանդիպմանը երկուստեք կարեւորվել են միջխորհրդարանական հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի խորհրդարանականներին, ովքեր Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ ստեղծելուց բացի, սեյմասում ստեղծել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ, ինչը, նախագահի համոզմամբ, չափազանց կարեւոր է եւ հիշեցնում է 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին անկախության վերականգնման պայքարի ճանապարհին հայ եւ լիտվացի ժողովուրդների համերաշխությունն ու աջակցությունը միմյանց: Հանրապետության նախագահի խոսքով, դա վկայում է նաեւ ժողովրդավարական արժեքներին լիտվացի ժողովրդի նվիրվածության մասին:

Տիկին Կուոդիտեն շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, որ իր, ինչպես նաեւ սեյմասում իր գործընկերների համար կարեւոր է, որպեսզի Լիտվայի հասարակությունն իմանա Արցախի եւ արցախյան հիմնախնդրի մասին ողջ ճշմարտությունը, ուստի բարեկամության խմբի ստեղծումը եւ այցելություններն Արցախ միտված են այդ նպատակին, նաեւ՝ կողմերի միջեւ երկխոսության աջակցությանը: Նա ընդգծել է, որ իր խորին համոզմամբ, կողմերը պետք է լսեն միմյանց, խոսեն, երկխոսեն, այլ կերպ՝ լուծում հնարավոր չէ պատկերացնել:

Նախագահի հետ հանդիպմանը հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների օրակարգի եւ համագործակցության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցերին անդրադառնալուց բացի, հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մի շարք հարցերում մեր երկրի դիրքորոշումները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ արդի միջազգային խնդիրների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ