News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի Գնդեվազ համայնքի երիտասարդներն այսօր՝ օգոստոսի 30-ին, հավաքվել են «Գեոթիմ» ընկերության տեղեկատվական կենտրոնի մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելու Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծերի դեմ, որոնք, նրանց կարծիքով՝ վտանգում են գյուղի բնակիչների առողջությունը։

«Գնդեվազի երիտասարդները մտահոգված են իրենց ապագայով, իրենց առողջությամբ և ոչ մի պարագայում թույլ չեն տա հանք շահագործվել: Հանքի շահագործման պարագայում Ամուլսարի ծանր մետաղների փոշին ամբողջ գյուղն է պատելու, բացի դրանից վտանգված է մեր ջուրը»,- NEWS.am-ին պատմեց ցույցի կազմակերպիչ, Գնդեվազ գյուղի բնակիչ Կարեն Բարսեղյանը:

Գյուղի երիտասարդները ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են այն ներկայացնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին, որը ֆինանսավորում է «Գեոթիմ» ընկերությանը, նաեւ Համաշխարհային բանկին եւ Հայաստանի կառավարությանը:

Գյուղացիների խոսքով՝ հանքավայրի շահագործման դեմ արտահայտված գյուղացիները պարբերաբար սպառնալիքներ են ստանում։ Այս հարցը նրանք բարձրացրել էին նաեւ օգոստոսի 25-ին Գնդեվազում «Գեոթիմ» ընկերության կազմակերպած  հասարակական լսումների ժամանակ։ Ընկերության ներկայացուցիչները հերքել էին այս լուրերը։

Կարեն Բարսեղյանի խոսքով՝ գյուղացիներն այդ հանդիպման ժամանակ հստակ հայտնել են իրենց դիրքորոշումը՝ ոչ մի գնով թույլ չեն տալու վտանգել իրենց եւ իրենց երեխաների առողջությունը։

«Գնդեվազի բնակիչներն ասացին՝ էս հողն ու ջուրը մերն ա՝ գնդեվազցիներինս, մենք  ենք որոշում՝ այստեղ հանք կգործի, թե ոչ։ Էստեղ ոսկի մի փնտրեք, թողեք՝ ժողովուրդն ապրի»,- պատմեց Գնդեվազի բնակիչը։

Տպել
Ամենաշատ