News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքական կյանքն այնպիսի ցինիզմի է հասել, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը նաեւ մարտի 1-ի բացահայտման օգտին ցույցեր կազմակերպի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց ԱԳ նախկին նախարար, պատգամավոր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա հետ հարցազրույցը՝ ստորեւ:

Պարոն Արզումանյան, ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ Հայաստանում այդպես էլ եվրոպական արժեքային համակարգը պաշտպանող ուժեղ քաղաքական բեւեռ չձեւավորվեց, թեեւ նման փորձեր արվում են: Խորհրդարանական բոլոր ուժերը խոշոր հաշվով գործում են ռուսական դաշտում: Այս պայմաններում ո՞րն է ելքը:

Ելքը այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելն է: Չպետք է հուսահատվել, որ դա main-stream գաղափար չի դառնում մեր հասարակությունում: Ցավոք, սրտի, լիովին իրավացի եք, որ մեր քաղաքական հիմնական ուժերն, այնուամենայնիվ, առաջնորդվում են հին, 20-րդ դարի մտածողությամբ եւ համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանում դու չես կարող իշխանություն փոխել առանց Ռուսաստանի համաձայնության, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ առանց Ռուսաստանի «դաբրո»-ի: Սա ամենավտանգավոր է  եւ դա է պատճառներից մեկը, որ Մոսկվան կարողանում է Հայաստանին այսքան բան պարտադրել: Ռուսաստանը գիտակցում է, որ հայաստանյան հիմնական ուժերից որ մեկն էլ ցանկանա իշխանության գալ, պետք է փորձի մոսկվաներում թույլտվություն ստանա: Եթե մենք կարողանանք դրանից ձերբազատվել, գիտակցենք, որ մեր քվեն է որոշողը եւ մենք պետք է ընտրենք իշխանություն, որի հետ պարտավորված են լինելու բոլոր մեր գործընկերները  համագործակցել, շատ բան կարող է փոխվել:

Ասում են նաեւ, որ հասարակությունն ավելի ռուսամետ տրամադրություններ ունի, բայց դա իրականում պայմանավորված է նրանով, որ նախ այդպիսի  քաղաքական ուժեր չկան, որոնք հակառակ քարոզարշավ տանեն, կամ հակառակը բացատրեն, երկրորդ՝ մեր հեռուստատեսությունը գտնվում է ռուսական լուրջ ազդեցության տակ եւ ռուսական հեռուստաալիքները հիմնականն են, որ մեզ ինֆորմացիա են տալիս: Իսկ այն, ինչ այսօր կատարվում է ռուսական հեռուստատեսությունում, աննկարագրելի պրոպագանդա է,  նույնիսկ Գեբելսը կերազեր նման հնարավորություններ ունենալ՝ միանգամից բոլոր մարդկանց ուղեղները լվանալու: Դա է պատճառը, որ Ռուսաստանում այսօր Պուտինի վարկանիշը 95 տոկոս է: Մի մարդ, որը պատերազմում է եղբայրական ժողովրդի հետ, աջակցում է եղբայրասպան պատերազմին, ու նրա վարկանիշը 95 տոկոսի է հասնում, սա միայն  ուղեղների լվացման օպերացիայի  արգասիք է: Ցավոք սրտի, մեզանում էլ դա կա:

Աշնանը շատերը թեժ զարգացումներ են կանխատեսում: Արդյոք նման զարգացում հնարավո՞ր է, եւ որ ուժերը դրանց առաջին շարքերում կլինեն, քառյա՞կը, քաղաքացիական շարժումնե՞րը, թե նոր բեւեռ կարող է ձեւավորվել:

Վերջին 22 տարիների ընթացքում ամեն տարի լսել եմ, որ մեզ սպասվում է շատ թեժ աշուն, ու դա արդեն քաղաքական կլիշե է դարձել: Ամեն տարի քաղաքական ուժերն արձակուրդ գնալիս միշտ ասում են, ինչպես ժողովուրդն է ասում. «Էշ մի սատկի, գարուն կգա», հանգիստ եղեք,  աշնանը թեժ զարգացումներ են լինելու: Ես քաղաքական հիմնական այդ ուժերի ակտիվության հետ շատ քիչ սպասելիքներ ունեմ: Թերեւս որոշ թերահավատությամբ եմ վերաբերվում քառյակի ֆորմատի հնարավոր ակտիվ գործողություններին եւ հաշվի առնելով նաեւ այն, որ «քառյակի» առնվազն 2 մասնակիցներն իշխանափոխության կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի որեւէ  խնդիր չեն դնում: Այդ առումով հիշատակվող «թեժություն» կարող էր տալ նախագահի հրաժարականի  պահանջը, որը բացակայում է քառյակի ֆորմատում:  Բայց քանի որ զարգացումները շատ անկանխատեսելի են, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի տեմպերը շատ ահավոր է Հայաստանում, նաեւ ՌԴ-ի հանդեպ հնարավոր սանկցիաների պատճառով էլ ավելի վնասվելու են մեր տնտեսական զարգացման հնարավորությունները, սահմանափակվելու են Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների հնարավորությունները՝ տրանսֆերտներ ուղարկել իրենց ազգականներին, դա բերելու է դժգոհության ավելի մեծ ալիքի, եւ դա կարող է տարբեր դրսեւորումներ ստանալ: Ես հակված եմ համարել, որ ավելի շատ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններն են, որ կարող են հանդիսանալ այն կատալիզատորը, որից կպայթի ամբողջ դժգոհությունը: Հիմա անհնար է ասել՝ ինչը պատճառ կհանդիսանա, որ բռնկվի գործընթացը: Փաստ է, որ մենք նստած ենք վառոդով լի տակառի վրա եւ բավական է մեկ կայծ՝ դա պայթեցնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ մեծ ցասումները լինում են այն ժամանակ, երբ արդեն օդում կախված է այդ ընդվզման գաղափարը, որ այլեւս հնարավոր չէ այդպես շարունակել: Սովորաբար ոչ քաղաքական մի գործընթացից է սկսվում ամեն բան:

Վերջին շրջանում ակտիվացել է Ռոբերտ Քոչարյանը: Որքանո՞վ եք հավանական համարում նրա վերադարձը քաղաքականություն եւ քառյակի հետ նրա համագործակցությունը: Կարո՞ղ է դա հանգեցնել քառյակի փլուզման, հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը նրան մարտի 1-ի թիվ մեկ մեղավոր է համարում:

Ցավոք սրտի, Ռոբերտ Քոչարյանը այս կամ այն կերպ քաղաքականությամբ զբաղվում է եւ չի հեռացել քաղաքականությունից: Մասնավորապես, նա ստեղծել է ԲՀԿ կուսակցությունը եւ դրա միջոցով մնում է քաղաքականության մեջ: Մեր քաղաքական կյանքն այնպիսի ցինիզմի է հասել, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը նաեւ մարտի 1-ի բացահայտման օգտին ցույցեր կազմակերպի: Ես բացառում եմ նրա վերադարձը, քանի որ գտնում եմ, որ նա ձեւակերպել է իր ապագան, որպես երիտասարդ թոշակառու, թող շարունակի վայելել այն գումարները, որոնք յուրացրել է իր իշխանության օրոք: Ես չեմ  կարծում, որ այն ուժերը, որոնք մարտի 1-ին տուժող կողմ են հանդիսացել, պատրաստ են այդ մասին մոռանալ: Դա իսկապես ցինիզմի գագաթնակետ կլիներ: Ես ինքս դա բացառում եմ եւ հուսով եմ, որ այդ մարդիկ էլ են բացառում: Իսկ եթե ոչ, կլինի շատ լուրջ քննադատություն այն մարդկանց կողմից, որոնք անցել են տառապանքների միջով: Դա լուրջ ցասում կարող է առաջացնել, որովհետեւ ես չեմ պատկերացնում զոհերի ընտանիքներից որեւէ մեկին, որ պատրաստ լինի գնալ համագործակցության իրենց երեխաներին սպանելու հրաման տված մարդու հետ:

Ինչպե՞ս եք գնահատում քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը: Կա կարծիք, որ քաղաքական ուժերն իրենց սպառել են եւ համակարգային փոփոխությունների հասնելու համար պիտի շարժումը գլխավորեն քաղաքացիական նախաձեռնությունները:

Ընդհանրապես, ես կատեգորիկ հայտարարություններին դեմ եմ եւ ոչ գտնում եմ, որ քաղաքական համակարգն իրեն սպառել է, ոչ էլ կարծում եմ, որ միայն սա է ճանապարհը: Ես կարող եմ միայն համաշխարհային փորձի վրա հիմնվելով ասել, որ քաղաքական ուժերը ակտիվանում են, ուժեղանում են եւ կարողանում են ազդել քաղաքական գործընթացների վրա եւ երկրում փոփոխություններ պարտադրել միայն այն ժամանակ, երբ կա  քաղաքացիական հասարակություն՝ իր ինստիտուտներով: Հայաստանում այսօր ստեղծվում է քաղաքացիական հասարակությունը եւ միայն ողջունել կարելի է բոլոր տեսակի քաղաքացիական նախաձեռնություններին եւ ուրախալի է, որ դրանց թիվը օր-օրի ավելանում է եւ արդեն կան հաջողություններ արձանագրած տարբեր կոնկրետ հարցերի լուծման պարագայում: Ինձ համար անընդունել է, երբ խանդում են միմյանց ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ասում են, որ սա մեր պայքարն է, թող որեւէ քաղաքական ուժ չգա, կամ քաղաքական ուժերն ասում են, այդ հարցը մենք ենք բարձրացրել, թող քաղաքացիական հասարակությունը դրանից դիվիդենտներ չշահի: Սա շատ վտանգավոր բան է, ի վերջո, մենք բոլորս քաղաքացիներ ենք, լինենք կուսակցության անդամ, որեւէ ՀԿ-ի անդամ, թե անկուսակցական: Մենք բոլորս մեր պատկերացումներով պայքարում ենք մեր իրավունքների համար, եւ ինչքան մեծ լինի այն գիտակցությունը, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք  առօրյա պայքարով պարտադրել մեր իրավունքների պաշտպանությունը եւ մեկս մյուսին աջակցենք այդ պայքարում, այնքան հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն: Սա երկարատեւ պայքար է, այնպես չէ, որ մեկ օրում կարելի է ժողովրդավարանալ կամ ազատական արժեքներ մտցնել: Դրա համար Եվրոպան հարյուրամյակներով է պայքարել, մինչեւ կարողացել է ստեղծել ազատական ժողովրդավարական պետականություն: Մենք էլ պետք է ինչ-որ ճանապարհ անցնեք եւ այստեղ միմյանց խոչընդոտելը միայն խանգարում է: Ի վերջո, քաղաքացիական հասարակությունը թելադրում է այն քաղաքական կուրսը, որը դավանում են քաղաքական կուսակցությունները: Քաղաքացիական հասարակությունը պատվիրատու է քաղաքական գործընթացների: Բայց նախ պետք է այդ քաղաքացիական հասարակությունը կայանա, ինչի համար անհրաժեշտ է այդ քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ պայքարները, որոնց պետք է աջակցի քաղաքական դաշտը: Մյուս կողմից քաղաքացիական հասարակությունը պետք է գիտակցի, որ պետք չէ թաղել քաղաքական դաշտը եւ դրանով նպաստել քաղաքական դաշտի աղճատման գործընթացին, որովհետեւ դա, ի վերջո, բերելու է միահեծան կառավարման համակարգի, ինը մենք այսօր ունենք՝  ի դեմս ՀՀԿ-ի: Կարծում եմ, որ միայն միմյանց աջակցելով կարող ենք նորմալ բալանսի բերել այդ գործընթացը:

Ինչպե՞ս եք գնահատում Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը: Ձեր կարծիքով ո՞րն էր Տիգրան Սարգսյանին Հ. Աբրահամյանով փոխարինելու իրական դրդապատճառը: Ինչ դա տվեց հասարակությանը եւ ինչ տվեց իշխանություններին:

Դժգոհությունները շատ էին, ակնհայտ է, որ ԱԺ-ում Քառյակը մշտապես պահանջել է Տիգրան Սարգսյանի հրաժարականը, բայց մոտիվացիան դժվար է ասել, որովհետեւ որքան ես եմ հասկանում, նույնիսկ Տիգրան Սարգսյանը չգիտեր, որ իրեն ազատելու են աշխատանքից: Իր համար էլ էր դա անակնկալ: Չեմ կարծում, որ որեւէ բան փոխվեց ընդհանուր կառավարության ձեւաչափում, որովհետեւ նույն կազմն է, բացառությամբ տնտեսական բլոկը վարող մարդկանց, որոնք իրենց դրսեւորել էին որպես լավ բանակցողներ ԵՄ-ի հետ մեր բանակցություններում: Այդ բանակցությունների արդյունքից բոլորն էին գոհ, թե մենք, թե մեր գործընկերները Եվրոպայում: Միայն այդ փոփոխություններով մենք միայն հարցականի տակ ենք դնում այդ գործընթացը, ոչ թե այն վիճակը, որ ունենք երկրում: Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից ոչինչ չենք տեսել բացի խոստումներից: Եղել են խոստումներ, որ լուծում կստանա կուտակային հատկացումների մասին օրենքը, բայց այդտեղ էլ կոմպրոմիս չգտնվեց, եւ ի վերջո, «Դեմ եմ» շարժման պահանջները հաշվի չառնվեցին: Հիմա այն լուծումը, որն առաջարկված է, չի կարելի քայլ համարել համերաշխության ուղղությամբ եւ կարծում եմ, վերանայման կարիք կա: Մյուս բոլոր հարցերում որեւէ բան չի փոխվել: Կգա բյուջեի ամփոփման ժամանակը, կտեսնենք ինչ արդյունքներ կլինեն տարվա վերջում:

Տպել
Ամենաշատ