News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 16-18-ը Երեւանում կկայանա Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեն, որը նվիրված կլինի Արցախին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Այս բիենալեի առանձնահատկությունն այն է, որ դրան մասնակցելու են այն աշխատանքները, որոնք արդեն հաղթել են այլ հարթակներում, և, փաստորեն,  Հայաստանում մրցելու են ուժեղները: Բիենալեին մասնակցելու համար 26 երկրներից արդեն ուղարկվել են աշխատանքներ, ժյուրիի անդամները 17 երկրներից են, որոնք Հայաստան կժամանեն, իսկ միջոցառման ավարտին կայցելեն Արցախ:

«Այդ այցելությունն հենց այնպես չէ, մենք փորձելու ենք համատեղ կառուցել Արցախի, որպես պետության բրենդը: Մենք բիենալեի ընթացքում պետք է կարողանանք ցույց տալ, թե ինչպես են տվյալ պետությունում արտադրվող ապրանքների բրենդերը շաղկապված այդ պետության բրենդի հետ, եւ ինչպես են դրանք ազդում միմյանց վրա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Բիենալեի ընթացքում կկազմակերպվեն կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, կազմակերպիչները կփորձեն արտերկրից ժամանած հյուրերին «սիրահարեցնել» Հայաստանին:

«Տարվա ընթացքում 1000-ից ավելի հյուրեր ենք ունենում: Շրջագայում են Հայաստանով մեկ, եւ նրանց ամենից շատ տպավորում են հենց տեղի բնակիչները, ասում են՝ ձեր մարդիկ շատ բարի են, եւ ձեր կերակուրը շատ համեղ է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ բիենալեի հյուրերն իրենց ձեռքով խորոված կպատրաստեն, կլինեն գորգագործական գործարանում, կփորձեն գորգ գործել: Բացի այդ՝ նրանք կլինեն գինեգործական ընկերությունում, խաղող կճմռեն, որից ստացված գինին հետագայում կլցվի իրենց իսկ փակցրած պիտակներով շշերի մեջ եւ կփոխանցվի իրենց:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ բիենալիեն երեք հարթակ ունի. առաջինը՝ այն հնարավորություն կտա, որ Հայաստանյան մարքեթինգի, դիզայնի, բրենդինգի աշխատանքները մրցեն աշխարհի այլ մասնագետների նման աշխատանքների հետ:

«Մենք գիտենք, որ այսօր մեր ապրանքն ավելի որակյալ է դառնում օրեցօր, սակայն նա պետք է ունենա համապատասխան զգեստ, որպեսզի կարողանա վաճառվել մեծ շուկաներում: Այս միջոցառումներն ուղղված են նրան, որ այդ զգեստը կարվի եւ ընդունվի այդ հասարակությունների կողմից»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Երկրորդ հարթակը վարպետաց դասերն են, որ արտերկրից ժամանած մասնագետներն կանցկացնեն կոմունիկացիայի ոլորտում հետաքրքրված հայաստանցիների հետ, երրորդը՝ այն հայաստանյան ընկերություններին կօգնի գործընկերներ գտնել այլ շուկաներում:

«Ուզում ենք, որ Հայաստանը մարքեթինգի, դիզայնի, բրենդինգի բնագավառում լինի խաչմերուկ, որ բոլոր այդ կարգի ճանապարհները գան Երեւան»,-ասաց բիենալեի նախագահը:

Նախորդ տարիների նմանատիպ ծրագրերի արդյունքում արդեն կան մի շարք համագործակցություններ:

«Օրինակ՝ լատվիական գովազդային ընկերությունն արդեն երկու տարի է՝ սպասարկում է վրացական «Ջորջիան» բանկը և արդեն մտել է Աֆղանստանի շուկա», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Բիենալեի հիմնական անվանակարգերն են՝ հեռուստատեսային և վիդեո գովազդ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր մեդիա, ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, ՓիԱռ արշավներ, գիրք, սոցիալական գովազդ:

Բիենալեին կմասնակցեն հեղինակավոր ընկերություններ, ակնկալվում է ունենալ մասնակիցներ Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Մոլդովայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններից:

Տպել
Ամենաշատ