News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հազիվ էի շեմել նկարիչ Գարեգին Սնգրյանի (GaroS) արվեստանոցը, երբ յուղաներկի տտիպ բույրը «խուժեց» քթանցքերս: Փոքրիկ միջանցքում ինձ դիմավորեցին ինքը` նկարիչը, և կմախքը` պչրուհու կարմիր, բրդյա վզնոցով: Որսալով տարակուսած հայացքս` խորամանկ ժպիտը դեմքին նկարիչը հուշեց. «Ծանոթացե´ք, ընկերս է` Վոլոդը. սարսափազդու է և լռակյաց, փոխարենը հրաշալի ունկնդիր է»: Արվեստանոց մտնելու առաջին իսկ պահից  ընկա  մոլեգին գույների ու պատկերների անզուսպ  հորձանուտը, հայտնվեցի բոլորովին այլ աշխարհում` տարօրինակ, հանելուկային, առեղծվածային, միաժամանակ` հրապուրիչ: Հարյուրավոր կերպարներ, շշուկներ, հառաչ ու ճիչ: Ձայների այդ խառնաղմուկում, անկախ  քաոսայնութունը, տիրում էր յուրատիպ ներդաշնակություն: «Ճի´շտ եք,-  ժպտալով ասաց GaroS-ը,- նրանք խոսում են, ու այդ է պատճառը, որ ննջարանումս չունեմ և ոչ մի կտավ: Նրանք չեն թողնում ինձ քնել, մշտապես ուշադրություն են պահանջում…»:  

«Ինչու՞ կանայք»,- հարցրեցի` աչքս կանանց մեծաթիվ կերպարներին` այնքան տարբեր, այնքան ծանոթ ու ընկալելի: « Տղամարդկանց հարցում ամեն ինչ պարզ է, - պատասխանեց նա։ -։Յուրաքանչյուր կին յուրովի անկրկնելի է: Նրանց  հանելուկային էությունն եմ փորձում գուշակել»:

Ստացվու՞մ է:

Հույսս չեմ կորցնում,- քմծիծաղեց նա:

Նրանք գեղեցկուհիներ չեն, բնօրինակները չե՞ն նեղանում:

-Առայժմ ոչ ոք չի դժգոհել,- պատասխանեց նա:- Կարծում եմ` կտավն առաջնահերթ պետք է դուր գա նկարչին: Գունազարդել չեմ փորձում, ձգտում եմ ներաշխարհը ցույց տալ: Ու եթե դա չի համընկնում գեղեցկության հանրընդունելի չափանիշներին, դրանք ամենևին էլ տգեղ կամ ոչ գեղագիտակ չեն: Եթե նկարը հույզեր, թեկուզ և մեկ հույզ է ծնում…  Նույնիսկ, եթե նայելով նրան թքոտել ես ուզում, նկարիչը նպատակին հասել է:

Այսինքն` հոգի՞ն եք նկարում:

Կարելի է և այդպես ասել,- ժպտաց նկարիչը,- կյանքն եմ նկարում…

Իսկ երբ Ձեզ նկարիչ ընկալեցի՞ք:

Հավանաբար է` հաջորդ կյանքում…

Տեղի՞ն է համեստությունը:

Ճշմարտություն է: Գուցե մի քանի տարի անց զբաղվեմ ֆիզիկայով, ու Դուք հարցազրույց վարեք ֆիզիկոսի հետ: Չեմ սիրում սահմանափակումներ և սահմանումներ:

Ինչպիսի՞ն է ժամանակակից արվեստը:

Ես նրա հետ չեմ հարաբերվում: Այն դուրս է ժամանակի իմ տիրույթից: Չեմ ընդունում համակարգչային և ժամանակակից տեխնոլոգիական նկարչությունը: Համամիտ եմ` արվեստ է: Սակայն դրանցում մետաֆիզիկա չկա, կյանք չկա ու զգացմունք… Այդ իսկ պատճառով` ինձ համար ժամանակավրեպ է:

Հայկական արվեստը հեռանկար ունի՞:

Արվե´ստն ազգություն չունի, ու հարցն անհարկի եմ դիտում: Չկա հայկական արվեստ, չկան հայկական գույներ, ու ո՞վ է որոշել, թե գույները լինում են հայկական: Նույն Սարյանը նույն «հայկական» գույներով Եգիպտոս է նկարել: Չարաշահել կրոնական, ռասայական կամ ազգային թեմաները, եթե կուզեք, անբարոյական է…  Հայաստանի երիտասարդ նկարիչների սերնդի մասի՞ն… Կարծում եմ` նրանք ժամանակի հետ համաքայլ չեն գնում: Եթե ես, Ձեր բնորոշմամբ, ժամանակակից արվեստից դուրս եմ, ապա նրանք դոփում են տեղում, լճացել են… Չկա որոնում, թռիչք…

Բայց կա, չէ, հայկական դասական դպրոց հասկացությունը:

Այ, Դուք փորձում եք կաղապարել, սահմանագծել ամեն ինչ: Իսկ արվեստի համար դրանք  անընդունելի են,  արգելակում են առաջընթացը, ուստի` մեր նկարիչների բնորոշ գիծը խուսանավելն է:

Նկարիչ` կոչու՞մ է դա:

Յուրաքանչյուր ոք կարող է վրձին վերցնել, կտավ ու յուղաներկ և նկարել: Ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է սովորել, միայն` խիստ ցանկության: Ժխտում եմ և համարում անլուրջ ու թյուր  այն կարծիքը, թե նկարիչ ծնվում են։ Դա կոչում է: Եթե կա անզուսպ ցանկություն, անել որևէ բան` նկարել, նոր աստղ հայտնաբերել, մարդն ի զորու է դա անել:

Ի՞նչն է նկարչի համար ամենից կարեւորը:

Ազատությունը:

Ձեզ  ազատ համարու՞մ եք:

Մեծավ մասամբ… Երբեմն ինձ հունից հանում է այն փաստը, որ սեփական մահվան պահն  ընտրել անկարող եմ:

Ի՞նչն է խանգարում:

Պարտավորությունները…

Վերադառնանք Ձեր ներշնչանքի աղբյուրին` կնոջը: Ո՞վ է Ձեր կյանքի գլխավոր կինը:

Բոլորը`  բացառությամբ Եվայի և  սուրբ Մարիամի:

Տարօրինակ բացառություն է…

Ինչու՞, միանգամայն օրինաչափ է…. Մերժում եմ առասպելները , իրական մարմինն ու  արյունը` նախընտրում: Առավել հետաքրքիր է…

Նախապես տարորոշո՞ւմ եք կտավի  բովանդակությունը, այսինքն` ի սկզբանե գիտե՞ք`  արդյունքում ի՞նչ եք ունենալու:

Ոչ միշտ: Նախնական մտահղացումն աշխատանքի ընթացքում կարող է կտրուկ փոխվել` կախված տրամադրությունից, հոգեվիճակից: Ամեն կտավ ինձ համար նոր խոսք է, հոգու, մարմնի և ոգու բացառիկ վիճակ, ինչն էլ թելադրում է գույների ընտրությունն ու վերջնարդյունքը…

Սիրու՞մ եք Ձեր կտավները։

Բարդ են մեր հարաբերությունները…Երբեմն այրվում եմ դրանք մի տեղ հավաքելու ու կրակի բաժին դարձնելու անզուսպ ցանկությունից։ Գուցե մի օր այդ քայլն անեմ…

Ինչո՞ւ։

Պահեր են լինում` հասցնում են խելագարության…

Դե, նկարիչները մի քիչ խենթ են…

Համընդհանուր  մոլորություն է…Ավելի շուտ` մի քիչ մարդ են…

Ունե՞ք սիրելի կտավ, գլուխգործոց, որին նայել կարող եք անվերջ…

Իհարկե, աղջիկներս…

Լքեցի արվեստանոցն իրարամերժ զգացումներով։ Տարօրինակ մի զգացողություն դեռ երկար պարուրել էր ինձ։ Զգացողություն, որ թույլ են տվել աչքի պոչով խորհրդավոր մի աշխարհ դիտել,ոգեշնչվել, հետո կողպել  են դուռը հենց այն պահին, երբ արդեն գտել էի այդ աշխարհը բացող դռան բանալին։ Այդպիսին է նա` GaroS-ը, և նրա առեղծվածային աշխարհը` լի հեգնանքով, տեղ-տեղ`թունոտ, անաղարտ զգացմունքային, ինչ-ու պահի խստաբարո ու հուսահատ, սակայն ոչ երբեք` անտարբեր: Թերեւս սա է գլխավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ