News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բոլոր այն առաջարկները, որոնք առնչվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, համարժեքորեն նկատի են ունեցվել, իսկ մյուսները, աշխատանքների բարեհաջող ընթացքի դեպքում, քննարկման նյութ կդառնան բուն նախագծի քննարկման փուլում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ի՞նչ է նախատեսում, մի քանի խոսքով նշեք առանցքային դրույթները:

Առանցքայինը, թերեւս, սահմանադրական կարգավորումների եւ սահմանադրական ինստիտուտների կենսագործունեության հիմքում իրավունքի գերակայության սկզբունքն ամրագրելն է: Ըստ էության, առաջադրվում է սահմանադրականության միանգամայն նոր աշխարհայացք, ինչը հանգեցնելու է մարդու իրավունքների եւ ազատությունների լիարժեք երաշխավորվածությանը եւ դրանց հենքով իշխանության սահմանափակմանը: Այդ սկզբունքի համակարգված ներդրումը անմիջականորեն առնչվելու է յուրաքանչյուր անհատ անձի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի հարցադրումների, ինչպիսիք են՝ իրատեսական ու կանխատեսելի սոցիալական քաղաքականությունը, արդարադատության որակի էական բարելավումը, իշխանության իրականացմանն անմիջականորեն մասնակցելու ժողովրդավարական լծակների ներդրումը եւ այլն:

Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը ինչպե՞ս եք գնահատում, այնտեղ շեշտվում է քննարկումների անհրաժեշտություն խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու մասով, քանի որ դա պարունակում է քաղաքական բաղադրիչ: Այս հայեցակարգով ո՞ր մոդելն է ընտրվել եւ ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ինձ համար, նախ, մասնագիտական պատշաճ որակի փաստաթուղթ է: Արդեն հրապարակվել է եզրակացությունը եւ հայտնի է, որ այն, հիմնականում բարձր է գնահատել հայեցակարգի նախագիծը: Ի դեպ, մինչեւ եզրակացությունը, հանձնաժողովն առիթներ ունեցել է հանդիպելու Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ եւ վիճահարույց հարցադրումների շուրջ քննարկումներ ու շտկումներ կատարել: Թերեւս, աշխատանքի նաեւ այդ ձեւաչափը նպաստեց, որպեսզի վերջնական տարբերակը լուրջ տարաձայնությունների տեղիք չտա:

Ինչ վերաբերում է կառավարման ձեւին, ապա եզրակացությունում եւս այն միտքն է արտահայտվել, ըստ որի՝ կառավարման խորհրդարանական ձեւը իրավաքաղաքական արդի զարգացումների փուլում հանդիսանում է առավել նախընտրելի, ժողովրդավարության սկզբունքներին համահունչ, իսկ վերջնական դիրքորոշման համար ակնկալվում է քաղաքական փոխհամաձայնություն:

Եթե խոսքը քաղաքական բաղադրիչի մասին է, արդյոք իշխանությունները հայեցակարգը քննարկելու են նաեւ քաղաքական ուժերի հետ:

Բնականաբար: Այդպիսի քննարկումներ տարբեր ձեւաչափերով կազմակերպվել են նաեւ հանրային քննարկումների փուլում, սակայն հայեցակարգի պաշտոնական հրապարակումից հետո իշխանությունները կնախաձեռնեն նաեւ անմիջական քաղաքական քննարկումներ:

Հայեցակարգը մշակելիս ՀՅԴ առաջարկները հաշվի առնվե՞լ են:

Հայեցակարգը մշակելիս հաշվի են առնվել բոլոր քաղաքական ուժերի մոտեցումները եւ առաջարկները: Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ ՀՅԴ-ն գտնվել է առավել նախանձախնդիր  եւ, սկզբունքորեն համամիտ լինելով կառավարման խորհրդարանական ձեւի հետ, այնուամենայնիվ, իր մտահոգություններն է ներկայացրել՝ կապված այդ ձեւի մոդելի ու ընտրական համակարգի բաղադրիչների հետ: Բոլոր այն առաջարկները, որոնք առնչվում են հայեցակարգին, համարժեքորեն նկատի են ունեցվել, իսկ մյուսները, աշխատանքների բարեհաջող ընթացքի դեպքում, քննարկման նյութ կդառնան բուն նախագծի քննարկման փուլում:

Ոչ իշխանական ուժերը կտրականապես մերժում են սահմանադրական փոփոխությունները, նշելով, որ քանի դեռ Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելը խնդիր է, ոչ մի փոփոխություն օգուտ չի կարող տալ: Այս տեսակետի մեջ ռացիոնալ հատիկ տեսնո՞ւմ եք:

Առաջադրվող սահմանադրական լուծումները եւս միտված են արդար ընտրությունների անցկացման երաշխիքների ամրապնդմանը, այլ կերպ ասած այս գործընթացը եւս կարող է դիտարկվել ընտրությունների որակը բարձրացնելու միջոց: Բացի այդ, փոփոխությունները նախաձեռնում են մասնագետները, սակայն նրանք չեն փորագրում սեպագիր արձանագրություններ. յուրաքանչյուր ոք կարող է եւ պետք է ձգտի հենց այս փուլում իր ձայնը լսելի ու հասանելի դարձնել, փորձի կյանքի կոչել իր գաղափարները,  որեւէ մեկը իր փոխարեն դա չի կարող անել: Չպետք է այս հիրավի պատմական հնարավորությունը ձեռքից բաց թողնել եւ բավարարվել հաշտվողական ու կրավորական տրամադրություններով:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ