News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության հանդիսավոր բացումը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը եւ բարձրաստիճան այլ հյուրեր:

Շնորհավորելով հայ-լեհական առաջին համատեղ ձեռնարկության բացման կապակցությամբ` լեհ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը հույս հայտնեցին, որ «Լյուբավա-Արմենիայի» հաջողությանը կհետեւեն նաեւ ռազմարդյունաբերական ոլորտի այլ ընկերություններ` դրանով իսկ մեծացնելով Հայաստանի պաշտպանության բնագավառում լեհական ներդրումների թիվը:

Ի շահ երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման` նորաստեղծ ընկերությանն անխափան եւ արդյունավետ գործունեություն մաղթեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվում:  Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ «Լյուբավա-Արմենիան» կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը` դուրս գալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ միջազգային այլ շուկաներ:

Շնորհակալություն հայտնելով այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրել, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռազմական համագործակցության մեդալով եւ արժեքավոր նվերով պարգեւատրեց մի շարք լեհ պաշտոնյաների եւ ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչների:

Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո բարձրաստիճան հյուրերն ու զինվորականները ձեռնարկության ղեկավար կազմի եւ Լեհաստանի ռազմաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին ձեռնարկության տարածքում` մանրամասն ծանոթանալով արտադրական կարողություններին եւ առաջիկա ծրագրերին:

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը զբաղվելու է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ եւ նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ  քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են` կեղծ թիրախները, տեխնիկական եւ այլ վրանները,  սաղավարտները,  զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը եւ այլն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ