News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը կդառնար 31 տարեկան, իսկ այսօր՝ հոկտեմբերի 22-ին նրա մահվան տարելիցն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա մայրը՝ Լիանա Պողոսյանը նշեց, որ որդու ծննդյան օրը մի շարք դերասաններով, հարազատներով այցելել են նրա շիրիմին, կոնյակի, գինու, քաղցրավենիքի սեղանի շուրջ ասել «Ծնունդդ շնորհավոր, Երվանդ»: Մայրն ասաց, որ իր որդին ժպտերես, դրական, հետաքրքիր անձնավորություն է եղել եւ իրեն այցելելիս էլ պետք է այդպես լինել: Լիանա Պողոսյանն ասաց, որ Երվանդի մեքենայի վարկը ու առհասարակ բոլոր ֆինանսական հարցերը ինքը լուծել է, այժմ մաքուր սրտով կանգնած է նրա կողքը:

Նրա համար այս մեկ տարին իր կյանքի ամենադաժան, երկար տարին էր, որից դեռ չի վերականգնվել եւ չի էլ ցանկանում վերականգնվել. «Ես ուղղակի մեխանիկորեն անում եմ այն, ինչ-որ պետք է անեի իմ տղայի համար, որովհետեւ բացի իրենից, իմ կյանքը այլ իմաստ չունի: Ես միշտ իր հետ եմ, իրեն զգում եմ, Երվանդը իմ մեջ է, ես այնքան ուժեղ եմ, որ այսօր կարող եմ իրեն շնորհավորել: Անում եմ այն, ինչ իմ խիղճն ու սիրտն է թելադրում»,-ասաց նա: Այս մեկ տարվա ընթացքում նա եթե ոչ ամեն օր, ապա 2 օրը մեկ այցելում է որդուն, «Բառերով չեմ կարող նկարագրել, թե ոնց եմ անցկացրել այս մեկ տարին: Այն դատարակությունը, որ իմ մեջ կա, ոչ ժամանակը կանցկացնի, ոչ ուրիշ կյանք»,-ասաց Լիանա Պողոսյանը:

Նա շարունակում է աշխատել թատրոնում,  Երվանդի դերերը խաղացող դերասանների հետ է աշխատում, փորձում է տալ այն երանգները, որ կար որդու մոտ, ներկայացումները դիտելիս մինչեւ հիմա արցունքները չի կարողանում զսպել: Մայրը նշեց, որ չնայած դժվար օրերին, իր մեջ որեւէ չարություն չկա որդու ուղեւորուհու հանդեպ, «ինքն է եղել ղեկին, ինքն է արել այն, ինչ ստացվել է»:

Նշենք, որ Երվանդ Ենգիբարյանը վթարի է ենթարկվել2013թ հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում: Դերասանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղեւորուհին՝ Մարիամ Սարգսյանը,  ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց ու այնտեղ մնացել շաբաթներ շարունակ: Դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, քանի որ պարզվել է, որ վթարի մեղավորը հենց դերասանն է: Ի դեպ, այդ օրը նա վերադառնում էր իր տարեդարձը նշելուց:

Նշենք, որ Երվանդ Ենգիբարյանը Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Նա ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ