News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ ներկա է գտնվել  Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 21-րդ տարեշրջանի հերթական բացմանը: Արդեն 21 տարի գործող ծրագիրը երկրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնությունները. «Ընդհանրապես Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի շարքում առանձնակի կարեւորվում են սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրերը, որոնք որոշակիորեն կարող են թեթեւացնել սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի մեր քաղաքացիների բեռը: Եվ, ինչպես նկատել եք, տարեցտարի այդ ծրագրերն առավել հասցեական են դառնում: Ընդհանուր առմամբ, այսօր մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2500 շահառուներ: Որոշ ծրագրեր մենք իրականացնում ենք՝ համագործակցելով տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Անշուշտ, շնորհակալ ենք բոլոր այդ կազմակերպություններին, սակայն թե՛ որպես Երեւանի քաղաքապետ եւ թե՛ որպես ուղղակի հայ մարդ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ նման օժանդակության կարիք ընդհանրապես չունենայինք, եւ հույս ունեմ, որ մենք մի օր իրոք այդ աջակցության կարիքն այլեւս չենք ունենա: Իսկ քանի դեռ կա այդ կարիքը, մենք սիրով համագործակցում ենք եւ շարունակելու ենք այս ուղղությամբ մեր քաղաքականությունը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Գերմանական կարմիր խաչի մեր գործընկերներին եւ անձամբ պարոն Շայդեին՝ ցուցաբերած մարդասիրության ու վերաբերմունքի համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող աջակցության համար, ընդգծել է, որ երկուստեք համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու հաջողված. «Համատեղ իրականացվող ծրագրերի նկատմամբ Ձեր հետեւողականությունը, պարոն քաղաքապետ, եւս մեկ ապացույցն է Ձեր հոգատարության ու ջերմ վերաբերմունքի, որ ցուցաբերում եք մեր շահառուների նկատամամբ: Իսկապես հաճելի է ամեն անգամ տեսնել Ձեր ջերմ շփումը տարեցների հետ ու նրանց փոխադարձ հարգանքն ու սերը Ձեր նկատմամբ»,- նշել է Կառլ-Հայնց Շայդեն:

Սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների եւ հարակից վայրերի սոցիալապես անապահով շուրջ 450 տարեց շահառուներ: Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջանների 120 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ օրական մեկ անգամ տաք սննդից բացի շահառուները օգտվում են նաեւ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակության տարեցտարի ընդլայնվող ծառայությունների ոլորտն ընդգրկում է տարբեր տարիքային եւ ռիսկային խմբերի շահառուներ: Հարկ է նշել, որ «Գթության խոհանոց» ծրագրի սահմաններում մայրաքաղաքում իրականացվում է նաեւ «Տնային խնամք» ենթածրագիրը: 2004 թվականից իրականացվող «Տնային խնամք» ենթածրագրում ընդգրկված են Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հոգալու իրենց առօրյա հոգսերը: Ծրագրի շրջանակում կամավորներն անհրաժեշտ սոցիալական եւ հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին տաք կերակուր են հասցնում նրանց:

Տպել
Ամենաշատ