News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի և Լոռու մարզեր: Շիրակի մարզում նա ներկա է գտնվել «Օյունջյան» հիմնադրամի միջոցներով կառուցված՝  Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարել Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում, ծանոթացել կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը և շուրջ 300 երեխայի համար նախատեսված նորաբաց արվեստի դպրոցի ծրագրերին:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բարերար Հովհաննես Օյունջյանին շնորհել է մարզի «Պատվավոր քաղաքացու» կոչում, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարերարին պարգևատրել է Մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալով: Նշենք, որ դպրոցը կրում է Հովհաննես Օյունջյանի  քրոջ՝ Վարդուհու անունը։

«Ես քրոջս եմ պարտական, քանի որ 1920թ., երբ 15 օրական էի, նա ինձ թուրքերի ջարդից  է փրկել, գրկել ու փախել, այսօր ես նրա անունով եմ կոչում այս դպրոցը, այսկերպ հայտնելով շնորհակալությունս»,- ասաց  բարերար Հովհաննես Օյունջյանը:

Արվեստի նոր դպրոցում գործելու են երգի, պարի, բալետի, նկարչության, քանդակագործության եւ այլ մասնագիտական դասարաններ: Մասնագետները հիմնականում գյումրեցիներն են, բայց մասնագիտությունների գծով ուսուցիչներ հրավիրվելու են մայրաքաղաքից։

«Բալետի մասնագետ չունենք, հավանաբար այլ տեղերից կհրավիրենք, բայց հիմնականում ձգտել ենք, որ գյումրեցիները աշխատեն ու աշխատանք ունենան»,- լրագրողներին ասաց դպրոցի տնօրեն Գագիկ Լաճիկյանը:

Հիմնադրամի միջոցներով ձեռք են բերվել երաժշտական գործիքներ եւ գրականություն, ինչպես նաեւ դահլիճների եւ սենյակների համար գույք: Դպրոց կարող է հաճախել շուրջ 300 երեխա:

Ի դեպ, բարերարի ֆինասավորմամբ  2001թ. բացված  կրթահամալիրի աշակերտների համար արվեստի դպրոցում սովորելն անվճար է : 

Հովհաննես Օյունջյանն ընդգծել է, որ նպատակ ունի առաջիկայում ևս արվեստի նոր դպրոց հիմնել, որպեսզի Գյումրիում չկորսվեն դարավոր ավանդույթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ