News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանը 91 այլ երկրների հետ «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ստորագրել է 2013 թվականին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում: Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւ սնդիկի միացությունների տեխնածին ազդեցությունից:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշել է, որ մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա լուրջ բացասական ազդեցության, էկոհամակարգերում կենսակուտակման ունակության եւ մթնոլորտային հեռահար շարժի պատճառով, սնդիկն այսօր լուրջ մտահոգություն է առաջացրել ողջ աշխարհում: «Որպեսզի մեր երկիրը վավերացնի կոնվենցիան, անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը Հայաստանում, բացահայտել գերակայությունները, ապա նոր միայն որոշում կայացնել կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Այս խնդիրների լուծմանն է միտված այս ծրագիրը, որը թույլ կտա իրականացնել երկրում առկա սնդիկի աղբյուրների գնահատում, սնդիկ պարունակող թափոնների հաշվառում, շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրում, ինչպես նաեւ սնդիկին առնչվող հարցերի կանոնակարգման իրավական հենքի ստեղծում»,- ելույթում ընդգծել է Արամայիս Գրիգորյանը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարի, Կոնվենցիայի ընձեռած հնարավորությունը նաեւ թույլ կտա մեր երկրում ստեղծել համապատասխան հզորություններ` սնդիկ պարունակող լամպերի, էլեկտրոնային սարքավորումների օգտագործման արդյունքում առաջացող թափոնների վերամշակման, վնասազերծման եւ ոչնչացման հիմնախնդրի լուծման համար:

Իր ելույթում ՅՈՒՆԻԴՕ-ի սնդիկի խնդիրներին առնչվող ծրագրերի համակարգող Լյուդովիկ Բեռնուդեն կարեւորել է ծրագրի մեկնարկը մեր երկրում եւ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը առաջիններից մեկն է, որ ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան»:

Կոնվենցիայի դրույթների համաձայն` յուրաքանչյուր Կողմ պարտավոր է միջոցներ ձեռնարկել սնդիկի եւ սնդիկի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման եւ սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար` հաշվի առնելով Բազելի կոնվենցիայի սկզբունքները: Կոնվենցիան ստորագրած երկրները հնարավորություն ունեն տեղեկատվություն փոխանակելու տեխնոլոգիական նորարարությունների, տնտեսապես եւ տեխնիկապես իրագործելի սնդիկ չպարունակող այլընտրանքների կիրառման վերաբերյալ: Կոնվենցիան նախատեսում է նաեւ ֆինանսական մեխանիզմներ`  կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով զարգացող եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներին ֆինանասական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրել են ծրագրի հիմնական խնդիրները եւ կոնվենցիայի սկզբունքները, ծավալվել է շահագրգիռ քննարկում տարբեր գերատեսչությունների, գիտահետազոտական ինստիտուտների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ:

Տպել
Ամենաշատ