News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում (ֆոտոռեպորտաժ

«Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետեւանք՝ մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ եւ արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ:

Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականությունը: Ձախողումները  համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականություն:  Ակնհայտ են անհաջողությունները նաեւ արտաքին քաղաքական ոլորտում:

Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման եւ առողջացման որեւէ խելամիտ եւ հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի՛ է վատանալու: Ու հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի եւ շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով: 

Դուք համաձա՞յն եք իշխանության նման քայլերի հետ: 

Այս վճռական պահին ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է հստա՛կ արտահայտի: Մենք`  երեք քաղաքական ուժերս,  գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք.

Ես, որպես ԲՀԿ նախագահ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը:

Հայաստանը զարգացման եւ վերելքի ուղու վրա դնելու համար  անհրաժեշտ է նոր որակի  իշխանություն եւ նոր քաղաքականություն: Դուք համաձա՞յն եք:

Կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական  փոփոխությունների: Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են: Դրանում չկա ոչ մի կասկած:

Մեր  հստակ դիրքորոշումը հետեւյալն է` մենք  կողմ ենք խաղաղ, անցնցում  իշխանափոխության: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը եւ իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք չանում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը եւ ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը:

Պատմական փոփոխությունների այս փուլում շատ կարեւոր է մեծացնել համաժողովրդական համախմբման  ծավալը: Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում. սա բոլորի՛ս գործն է:

Լուրջ անելիք  ունի նաեւ  սփյուռքը: Պետք է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը: Սփյուռքի քաղաքական եւ տնտեսական հսկայական ներուժը պետք է վերջապես օգտագործվի մեր երկրում: Ես դիմում եմ սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին եւ հեղինակավոր գործիչներին: Հայաստանն ունի՛ ձեր կարիքը: Միասի՛ն ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմներ: Ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե՛ կազմակերպիչ, թե՛ նախաձեռնող:

Հաջողության համար չափազանց կարեւոր է նաեւ ներքին մթնոլորտը:

Ես, այս հարթակին կանգնած, որպես երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել.  Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չէ ներքին թշնամանք:

Եվ երկրորդ` անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված եւ աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում: Մարդու քաղաքական դիրքորոշումը որեւէ ազդեցություն չպետք է ունենա նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի եւ անձի անձեռնմխելիության վրա: Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը:

Որեւէ մեկի մոտ կասկած չպիտի լինի, որ Հոկտեմբերի տասից մեկնարկած համաժողովրդական շարժման այս ալիքով  մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը:

Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը  հետաձգվեց ժողովրդի ճնշման  շնորհիվ: Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, եւ որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու:

Եվ ես հիմա ուզում եմ հայտնել մի շատ կարեւոր որոշման մասին.

Այսօրվանից սկսած՝ մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբերի ձեւավորումը` ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար:   Դրանք դառնալու են  մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով  ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական եւ քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարեւորում եմ յուրաքանչյո՛ւր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը: 

Մենք պարտավոր ենք  այս  նոր ձեւավորվող հզոր շարժմանը տալ կառուցվածքային եւ կազմակերպչական լուծումներ:

Մենք շատ ժամանակ չունենք:

Անհրաժեշտ  են այս խոր, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր.

Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից, եւ համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի եւ ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները:

Իսկ մինչ այդ,  հաշվի առնելով   ժողովրդի օրհասական վիճակը եւ գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, մենք վերահաստատում ենք մեր պահանջը`   ռացիոնալ քննարկումների  դաշտում,  հստակ ժամանակացույցով  լուծել այդ խնդիրները:

Սա՛ է այս իրավիճակից դուրս գալու գրագետ , օպտիմալ ճանապարհը:

Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել եւ մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք`  երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով եւ առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում եւ հրապարակներում կանգնած  հարյուր հազարներով  կպարտադրենք  իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում եւ արտահերթ ընտրություններ:

Մեր գործն արդար է. Աստված մեզ բոլորիս պահապան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ