News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հարցազրույցը NEWS.am-ին:

Ներկայում ինչպիսի՞ իրավիճակ է Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում:

Ներկայում առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Որպես կանոն, օգտագործվում են դիպուկահարները: Դրանք մեր առօրյան են, եւ այդ առումով որեւէ լուրջ փոփոխություն չկա: Առաջնագծում որոշակի ակտիվացում նկատվեց՝ կապված հուլիս-օգոստոսի իրադարձությունների հետ: Արցախյան կողմը համարժեք գործողություններ ձեռնարկեց: Կարելի է արձանագրել, որ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկվում է:

Ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է «շփման գծի վրա թռիչքներ իրականացնելու» մասին: Այդ կապակցությամբ ինչպիսի՞ն է արցախյան ՀՕՊ պատրաստության մակարդակը:

Մի անգամ ես ասացի, որ վատ չէր լինի, եթե ադրբեջանական ինքնաթիռը հայտնվեր Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում. միանգամից ինքնաթիռ կունենանք: Իրականում հուլիս-օգոստոսի իրադարձությունները ցույց տվեցին իրերի իրական դրությունը: Ադրբեջանական կողմը բավական լուրջ ուժեր օդ բարձրացրեց, եւ փորձեց շանտաժի ենթարկել մեզ: Մեր ՀՕՊ ուժերը հակառակորդին ստիպեցին իրենց ինքնաթիռները հեռու տանել շփման գծից եւ թռիչքներ իրականացնել սեփական օդակայանների վրա: Արցախի Հանրապետության օդային տարածքը հուսալի պաշտպանված է, իսկ մեր ինքնաթիռները կործանելու հակառակորդի խոստումներն անհիմն են: Բոլորս էլ հրաշալի գիտենք, որ մեր ինքնաթիռները եւ ուղղաթիռները թռիչքներ են իրականացնում, եւ հակառակորդը ոչինչ չի կարող անել:

Շուտով ԼՂՀ-ում զորակոչ կսկսվի: Նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են տարվում:

Այս տարի զորակոչը տարբերվելու է նախկիններից, քանի որ հիմա զորակոչ է հայտարարվում ոչ թե գարնանն ու աշնանը, այլ ամռանն ու ձմռանը: Դա կապված է ուսումնական պրոցեսի կազմակերպման հետ: Զորակոչի անցկացման նախապատրաստությունը վաղուց է սկսվել՝ անմիջապես նախորդի ավարտից հետո: Այն տարատեսակ միջոցառումներ է ներառում՝ սկսածից հաշվառումից եւ բժշկական հետազոտությունից: Այս տարի առաջին անգամ պատվաստումները կատարվելու են մինչեւ զորակոչը եւ գործընթացն արդեն սկսվել է: Միաժամանակ, բարելավվում են զորանոցների պայմանները: Գաղտնիք չէ, որ զորակոչային տարիքի շատ երիտասարդներ, ովքեր վախով են մտածում բանակի մասին, ծառայության անցնելով Զինված ուժերում՝ փոխում են կարծիքը: Մեր կողմից ջանում ենք, որպեսզի նորակոչիկները հնարավորինս արագ ընդգրկվեն բանակային կյանքում եւ համապատասխան մասնագիտություններ յուրացնեն:

Ինչպե՞ս են գործերը սպայակազմի պատրաստման հարցում:

Սպայակազմի ուսուցումն ու վերապատրաստումն իրականացվում է մի քանի փուլով: Պաշտպանության բանակը համալրվում է Հայաստանի Ռազմական ինստիտուտի շրջանավարտներով, վերապատրաստումն իրականացվում է Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի եւ այլ երկրների ռազմակրթական հաստատություններում: Դրանից հետո ուսուցումը շարունակվում է տեղում, հրամանատարական կազմի պատրաստման կուրսերի շրջանակում: Ուսման ընթացքում բացարձակապես բոլոր գիտելիքները ստանալն անհնար է, այդ պատճառով ինքնակրթության պրոցեսը պետք է մշտական լինի: Կարծում եմ, որ ինքնակրթութունը սպայի ուսուցման կարեւորագույն տեսակն է:

Տվյալներ կա՞ն ԼՂՀ Զինված ուժերում միջադեպերի թվի մասին:

Հարկավոր է տարբերել մարտական եւ ոչ մարտական կորուստները: Ընթացիկ տարում մարտական գործողությունների եւ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհերի թիվը եռապատկվել է, նույնիսկ՝ քառապատկվել: Միաժամանակ, միջանձնային հարաբերություններ պարզելու եւ Կանոնադրության խախտումների արդյունքում միջադեպերը նույն չափով նվազել են: Օրինակ՝ անցյալ տարի ինքնասպանության չորս դեպք է արձանագրվել, այս տարի՝ ոչ մի: Ընդհանուր առմամբ, հուլիս-օգոստոս ամիսների իրադարձությունները հաստատեցին, որ մեր ռազմական կոլեկտիվներն առողջ են, դժվարին իրավիճակում կարողանում են արագորեն համախմբվել եւ միմյանց համար թիկունք դառնալ: Հաշվի առնելով գոյություն ունեցող բոլոր թերությունները՝ կարծում եմ, որ բանակի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է:

Արցախը բազմաթիվ զորահրամանատարների հայրենիքն է: Ինչ եք կարծում, ինչո՞վ կարելի է դա բացատրել:

Կարծում եմ, որ դա հեշտ է բացատրել հետեւյալ կերպ. արցախցիները երբեք լիարժեք չեն կորցրել իրենց անկախությունը: Ի տարբերության հայկական պետության այլ հատվածների՝ Արցախը ցանկացած իշխանության պարագայում կարողացել է պահպանել անկախության մի պատառիկ եւ օտար տիրապետության ամբողջական հպատակ չի դարձել: Դա փոխանցվել է սերնդե սերունդ, որպեսզի հասարակության շրջանում պաշտպանվելու ձգտումը չհանգչի: Առավել եւս, որ Ղարաբաղը միշտ շրջապատված է եղել թշնամիներով եւ հուսալի հարեւան-ընկեր չի ունեցել: Այդ պատճառով արցախցիները ստիպված են եղել ինքնապաշտպանության դիմել: Կարծում եմ՝ ԽՍՀՄ-ի 70-ամյա պատմությունն ապացուցեց, որ արցախցիները, ամբողջությամբ մեկուսացված լինելով Հայաստանից, կարողացան պահպանել ժողովրդագրական պատկերը: Արցախցիները կարողացան պահպանել ինքնությունը, լեզուն, մշակույթը եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտարարել ինքնուրույն միավոր հայտարարել եւ կազմակերպել իրենց պաշտպանությունը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սկսեց իր պաշտպանությունը, եւ հետո միայն նրան միացան Հայաստանն ու Սփյուռքը: Եվ այսօր փաստը, որ փողոցում կարելի է համազգեստով բազմաթիվ մարդկանց տեսնել, երիտասարդության մեջ զինվորական ծառայության հանդեպ սեր է դաստիարակում: Մենք գոյության այլ ուղի չունենք:

Արցախի բնակիչների մեծ մասն այս կամ այն չափով տիրապետում է ռուսերենին: Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է դա կապված:

Առաջին հերթին՝ դա Խորհրդային միության ազդեցությունն է: Ադրբեջանի հետ հարեւանությունը նույնպես ռուսերենի զանգվածային իմացության հետեւանք է դարձել՝ որպես շփման միջոց: Կարծում եմ՝ ռուսերենի իմացությունը, ինչպես եւ ցանկացած այլ լեզվի, լավ է: Կարծում եմ նաեւ, որ հակառակորդի լեզուն նույնպես պետք է իմանալ: Պատերազմի տարիներին ադրբեջաներենի իմացությունը մեզ շատ օգնեց: Արցախցիների համար ռուսերենի իմացությունն իսկապես սովորական երեւույթ է: Առավել եւս՝ Մաքսային միության հետ կապված գործընթացների լույսի ներքո: Հետագայում դա մեզ պետք կգա:

Մարիամ Լեւինա

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ