News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գորիսի անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը համոզված է, որ հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է ավտոմեքենայով հարվածել իր որդու՝ Վահագն Հայրապետյանի ավտոմեքենային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիշա Հայրապետյանը՝ պնդելով, որ սուտ են լուրերը, թե ղեկին եղել է ոչ թե մարզպետի որդի Տիգրանը, այլ նրա թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:

«Երեկոյան ժամը 9 անց 30-ի սահմանում նստած էի, հանկարծ մեծ դրմփոց լսեցի, վազելով դուրս եկա՝ տեսնեմ մեքենան ոլորվելով կպել ա էլէկտրասյանն ու ջարդել այն: Մեկ էլ տեսնեմ՝ մեկը արնաշաղախ դուրս եկավ: Ուշադիր նայեմ՝ տեսնեմ տղաս ա: Ասեց՝ Նիվան հարվածեց ու փախավ: Որդիս տեսել է, որ երկու մարդ է եղել ավտոմեքենայի մեջ: Թիկնապահը, որը վնասվածքներ է ստացել, ասել է, թե ինքն է եղել ղեկին: Եթե ղեկին եղել է թիկնապահը, ինչպե՞ս կարող էր նա հարվածից անմիջապես հետո վարել մեքենան, այն դեպքում, երբ ծնոտը կոտրվել էր վթարի հետեւանքով: Տիգրանին ղեկն է պահել, Նիկոլին չի պահել, խփել վնասել է»,- ասաց Գրիշա Հայրապետյանը՝ նշելով, որ ինքը հավաստի տեղեկություն ունի, որ ղեկին Տիգրանն է եղել:

Գրիշա Հայրապետյանը պատմեց, որ երբ դեպքը եղել է, ինքը զանգահարել է ոստիկանություն, սակայն ոստիկանները գալուց միայն որոշ ժամանակ անց են սկսել դեպքի վայրում չափումներ կատարել, ասել են, որ «սպասում են հրահանգի»: Նրա խոսքով՝ ոստիկաններից անմիջապետ հետո իրենց տուն են գնացել նաեւ Սուրիկ Խաչատրյանի ծանոթները եւ հարազատները:

«Տիգրանն ինչքան ընկեր, հարազատ ուներ, եկան, ասեցին՝ ոչինչ, ամեն ինչ լավ կլինի, էդ հարցերը կլուծենք, մի բորբոքվի, մի ջղայնացի: Սկսեցին չափումներ անել, իրենք էլ համոզվեցին, որ մեքենային հարվածել է հոծ գծից 2.9 մետր հեռավորության լայնքով: Ես անընդհատ պահանջում էի՝ ասեք՝ մեքենայի հարվածողն ով է եղել, ոստիկանն ասում էր՝ քեզ համար ի՞նչ տարբերություն»,-ասաց  նա:

Գրիշա Հայրապետյանի որդուն՝ Վահագնին ստուգել են, նա սթափ վիճակում է եղել, ինչից հետո հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու:

«Բոլորն ամեն կերպ աշխատում էին ասեին, որ ղեկին ոչ թե Տիգրանն է եղել, այլ Նիկոլը: Սկզբից տղաս ասեց ինձ համար ինչ տարբերություն, եթե Նիկոլն ա, գրեք Նիկոլն ա: Քննիչը թելադրել ա, Վահագը՝ գրել: Եկանք տուն, մի 30-40 հոգի տարբեր տեղերից մեզ ահազանգեցին, որ մեքենայի ղեկին եղել ա Տիգրանը»,-պատմեց նա՝ նշելով, որ հաջորդ առավոտյան իր որդին նորից գնացել է ոստիկանություն, փոխել իր տված բացատրությունը՝ նշելով, որ ղեկին ոչ  թե Նիկոլը, այլ Տիգրանն է եղել:

Գրիշա Հայրապետյանի խոսքով՝ նախկինում իր եւ մարզպետի միջեւ անհաշտություն է եղել այն պատճառով, որ Սուրիկ Խաչատրյանն իրենից պահանջել է անտառահատումներ կատարել, սակայն ինքը չի արել.  «Լիսկայի ու հարաբերությունները գտնվում են շատ վատ վիճակում: Լիսկան դեռ 1998թ. անընդհատ ցանականում էր ինձ ազատել աշխատանքից, որ ինքը անտառները կտրի, վերացնի: Ես այդ հանցագործության չէի գնա»։

Այնուամենայնիվ, նա քիչ հավանական համարեց, որ մարզպետի որդին կարող էր միտումնավոր հարվածել իր որդու ավտոմեքենային՝ նշելով, որ անհաշտությունը վաղուց է եղել:

NEWS.am-ի միջոցով Գրիշա Հայրապետյանը բաց նամակ հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մի քանի օր առաջ նախագահը Հատուկ քննչական ծառայությունում ելույթ ունեցավ, ասեց՝ օրենքը բոլորի համար է: Հարգարժան պարոն նախագահ, եթե օրենքը բոլորի համար է, ինչո՞ւ լիսկայականների համար այն չի գործում: Ինչո՞ւ Տիգրանը մարդ սպանեց ու, գտնվելով ազատության մեջ, այսօր սպանության դեպքեր է շարունակում: Ի՞նչն է պատճառը, ձեր ասածը ինչո՞ւ չի հասնում գործին: Սյունիքի ժողովուրդը ինչքա՞ն պետք է ների լիսկայականներին: Ե՞րբ է հատելու սահմանը, հանցագործությունների սահմանը ցույց տուր, ասա՝ երկու տարի հետո լինելու է, որ մենք ուրախանանք, ասենք՝ նախագահն անցել ա գործնական քայլերի»,-ասաց Գրիշա Հայրապետյանը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 26-ի երեկոյան Գորիսում տեղի ունեցած վթարի առնչությամբ Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե երեկոյան ճանապարհները սառած են եղել, այդ պատճառով էլ «Նիվան» հարվածել է «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենային: «Նիվան», ըստ պաշտոնական տեղեկության, վարել է մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, իսկ «Միթսուբիշիի» ղեկին 46-ամյա Վահագն Հայրապետյանն է եղել։ Վթարի հետեւանքով Նիկոլայ Աբրահամյանի ծնոտը ջարդվել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանապետը հերքել էր Գորիսում տարածված լուրերը, թե Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, կապ ունի վթարի հետ:

Վթարի դեպքով ոստիկանությունում նյութեր են պատրաստվում:

Տպել
Ամենաշատ