News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 1-ին հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի մասնակիցների հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահը խորհրդանշական է համարել, որ վեհաժողովը որոշել է իր տարեկան նիստը գումարել Հայաստանում` հնագույն քրիստոնեական եւ քաղաքակրթության օրրաններից մեկում:

Կարեւորելով վեհաժողովի` «Տարածաշրջանում քրիստոնեական  հոգեւոր եւ մշակութային  հուշարձանների պահպանման եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման» բանաձեւը, Սերժ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ, որ ձեր ընդունած բանաձեւը մեծապես արժեւորվում է այս բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման, խաղաղության, փոխվստահության եւ կայունության մթնոլորտի ձեւավորման տեսանկյունից»:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նպատակները` ծայրահեղ ազգայնամոլության եւ կրոնական անհանդուրժողականության հաղթահարման, մարդու իրավունքների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության գործում:

Նա ողջունել է վեհաժողովի մասնակիցների որոշումը` այցելել ԼՂՀ եւ տեղում ծանոթանալ դարեր շարունակ իր բնօրրանում ապրող քրիստոնյա ժողովրդի ներկայիս մարտահրավերներին,  խաղաղության պայմաններում սեփական որոշմամբ իր ապագան կառուցելու` արցախահայության ցանկությանն ու կամքին:

Վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպովն իր հերթին վստահություն է հայտնել, որ այդ քննարկումներն այնուհետեւ կտեղափոխվեն կազմակերպության անդամ գործընկերների խորհրդարաններ, իսկ ընդունված փաստաթղթի բովանդակությունը` խորհելու տեղիք կտա պետությունների ղեկավարներին ու շահագրգիռ միջազգային կազմակերպություններին:

«Մենք ձեր կողքին ենք, եւ արդարությունը ձեր կողմն է: Այն, ի վերջո, կհաղթանակի», - ասել է Վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խիտիրիս Տիլեմախոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ