Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում նախօրեին  խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ տղան էր, ունի 24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում:

NEWS.am-ի  հետ զրույցում հարեւանները պատմեցին, որ Ազատը ավարտել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որից հետո աշխատել է Երևանի օդանավակայանում՝ որպես ռազմական օդաչու: Նրանց խոսքով՝  Ազատի երազանքն է եղել դառնալ օդաչու,  դրա համար իր աշխատանքը կատարում էր սիրով:

«Իր հայրն էլ է ուզել օդաչու դառնալ, բայց ծնողները չեն թողել, դա էր պատճառը, որ Ազատի հայրը որդու միջոցով  իրականացրեց իր երազանքը»,-պատմում էր հարևաններից Աննա Կոնգուզյանը, որը դժվարանում էր նրա մասին անցյալ ժամանակով խոսել:

Աննա Կոնգուզյանը հիշեց, որ Ազատը զորավարժության մեկնելուց առաջ շատ ոգեւորված է եղել. «Որ իմացանք, պայթեցրել են ուղղաթիռը, ապշած ենք մնացել»:

Հարեւանները պատմեցին, որ Ազատի մայրը կարծում է, որ իր տղան ողջ է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 12-ին,  ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:

Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ հնարավոր է անձնակազմի անդամներից մեկը ողջ լինի: