News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ նուեյմբերի18-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում նա կներդնի բոլոր ջանքերը՝ առավել ամրապնդելու եւ զարգացնելու հայ-չինական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ:

Հանրապետության նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդմանը մեծապես նպաստում են ակտիվ փոխայցելությունները, երկկողմ հանդիպումներն ու քննարկումները:

Դեսպան Թիեն Ըրլոնգը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հաջողությամբ իրականացնելու դեսպանի պատասխանատու առաքելությունը մի երկրում, որն ունի դարավոր պատմություն եւ մշակույթ, աշխատասեր ու տաղանդավոր ժողովուրդ:

Նա ընդգծել է, որ Չինաստանում անկեղծ հարգանք են տածում Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ու հայ-չինական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ եւ հեռանկար են տեսնում:

Դեսպան Ըրլոնգի համոզմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսական ոլորտում, այդ թվում՝ Չինաստանի հետ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են բացվում:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ, առեւտրատնտեսական, մշակութային, կրթության, գիտության եւ մի շարք այլ բնագավառներում փոխգործակցության խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման նախագծի մասին եւ կարեւորել այն:

Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Թիեն Ըրլոնգին՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ