News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վաղ թե ուշ Հայաստանն ու Թուրքիան շփման եւ բանակցությունների համար ընդհանուր ուղի կգտնեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասախոսության ընթացքում հայտարարեց Երեւանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն՝ ի պատասխան հարցին, թե Ռումինիայի կառավարության համար, որը դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, քաղաքականությունն ու տնտեսությունը, արդյոք, բա՞րձր են բարոյականությունից

Նրա խոսքով՝ Ռումինիան շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: «Ինչ վերաբերում է անցած դարի սկզբի իրադարձություններին, ապա դա շատ բարդ հարց է: Դուք կարո՞ղ եք ասել՝ ինչ է իրենից ներկայացնում բարոյականությունը: Զույգերից ո՞րն է նորմալ. տղամարդուց եւ կնոջից բաղկացած զո՞ւյգը: Եւ արդյոք նույնասեռականությունը նորմալ կամ բարոյակա՞ն է: Ձեզ համար դա վիճելի հարց է, իսկ նույնասեռակաների համար՝ ընտանիքի գերազանց ձեւ: Նայեք Ուկրաինային. Լուգանսկին եւ Դոնբասին: Ես միշտ փորձում եմ տեղեկությունը կարդալ երեք աղբյուրներից», - ընդգծեց Սորին Վասիլեն: Եթե լսենք ռուսական հեռուստատեսությանը, հստակեցրեց դեսպանը, ապա Դոնբասի ապստամբության մարտիկ դառնալու ցանկություն է առաջանում: «Իսկ եթե դիտենք ուկրաինական հեոուստատեսություն, ուկրաինական բանակի մարտիկ դառնալու ցանկություն է առաջանում: Սա շատ բարդ հարց է, քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը մաթեմատիկա չեն: Ես չեմ ասում՝ ով է սխալ եւ ով է ճիշտ, որովհետեւ ես դրա իրավունքը չունեմ: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը:

Դասախոսությանը ներկա ֆրանսիացի լրագրողը վրդովված արձագանքել է ֆրանկո-գերմանական հաշտության մասին հիշեցմանը՝ ընդգծելով, որ ֆրանսիացիները բարեկամացել են գերմանացիների հետ, քանի որ երկու ժողովուրդներն էլ ընդունել են, թե ինչ են արել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

«Հենց դրանում է պատճառը, որ մենք հիմա բարեկամներ ենք: Բարեկամներ դառնալու համար պետք է ընդունել այն, ինչ արել ես անցյալում: Ուստի ես կարծում եմ, որ կարելի է ինչ-որ կերպ դա համեմատել նրա հետ, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»,-ասել է լրագրողը, որի խոսքն արժանացել է դահլիճում նստած ուսանողների ծափահարություններին:

Արձագանքելով դիտարկմանը, Ռումինիայի դեսպանը սկսել է արդարանալ, թե ոչ մի համեմատություն չի արել: «Ես 1915-ի դեպքերը կամ Ցեղասպանությունը չեմ համեմատել ինչ-որ բանի հետ: Շատ կարեւոր է, թե ինչպես են լրատվամիջոցները ներկայացնում իրադարձությունները, քանի որ նրանք շատ կարեւոր դեր են խաղում ժողովրդավարությունում: Լրատվամիջոցները երկրի 4-րդ իշխանությունն են: Վաղ թե ուշ, Հայաստանն ու Թուրքիան շփման եւ բանակցությունների համար ընդհանուր ուղի կգտնեն: Առաջին քայլը այդ ուղղությամբ 2009-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ իր գործն է աշխատել Հայաստանի եւ Ռումինիայի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ